Քաղաքացի Գեղամ Օհանյանը բաց նամակով դիմում է ներկայացրել նախագահ Խաչատուրյանին։
«ԴԻՄՈՒՄ
Հարգելի՛ պարոն Նախագահ,
Ձեզ եմ դիմում որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երաշխավոր և պետության գլուխ։
Արցախից բռնի տեղահանված քաղաքացի Արթուր Օսիպյանը ներկայումս կալանավորված է, ինչն անմիջականորեն կապված է նրա ազատ խոսքի իրավունքի իրացման հետ։ Ներկա նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած հայտնի միջադեպի արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել է ատելության խոսք, որն ուղղված է եղել բռնի տեղահանված անձին։ Այդ խոսքը մինչ օրս մնում է չդատապարտված։ Միջադեպը ավարտվել է Օսիպյանի ձերբակալմամբ, որից հետո դատարանը կալանավորել է նրան 2 ամսով։
Այժմ քաղաքացի Օսիպյանը կալանավայրում բոլորում է հացադուլի 14-րդ օրը՝ պահանջելով, որ իրեն վիրավորած անձը հրապարակային ներողություն խնդրի։ Հացադուլի հետ կապված՝ նրա կյանքին վտանգ է սպառնում։
Քանի որ Դուք առաջնորդվում եք բացառապես համապետական և համազգային շահերով, խնդրում եմ Ձեզ՝
Հանդես գալ հրապարակային ուղերձով՝ քարոզարշավում ատելության խոսքը դատապարտելու և զսպելու վերաբերյալ։ Ներկայացնել երաշխավորություն ՀՀ գլխավոր դատախազություն՝ քաղաքացի Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու և նրա ազատ խոսքի սահմանադրական իրավունքը վերականգնելու համար։
Պրն. Խաչատուրյա՛ն, հուսով եմ՝ իրավիճակի լրջությունը հաշվի առնելով՝ կձեռնարկեք համապատասխան արագ քայլեր։
Հարգանքով՝ Գեղամ Օհանյան»,-ասված է դիմումում։
Հիշեցնենք՝ Գեղամ Օհանյանը հունիսի 1-ից ՀՀ նախագահի նստավայրի դիմաց Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով անժամկետ նստացույց է մեկնարկել:
Նա երեկ հայտնել էր, որ նամակ են հանձնելու ՀՀ նախագահին, որ վերջինս ուղերձ հղի և կոչ անի ատելության խոսքը քարոզարշավից դուրս բերելու մասին:
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի, «Հետք»