azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում նախօրեին կատարած գրառմամբ հավաստիացրել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են։
«Բանակցություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ շատ արագ տեմպերով շարունակվում են», – առանց մանրամասներ հայտնելու՝ գրել է Թրամփը։
Գրառման անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ երեկ իրանական կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալությունը հաղորդեց, թե Իրանի բանակցային թիմը դադարեցնում է միջնորդների միջոցով ԱՄՆ-ի հետ ուղերձների փոխանակումը՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների պատճառով։
Իրանի արտգործնախարարությունը դատապարտել էր Իսրայելի կողմից Լիբանանում հրադադարի խախտումները՝ հավելելով, որ Վաշինգտոնը պատասխանատվություն է կրում «այս իրավիճակի հետևանքների և ազդեցությունների համար»։
NBC-ի եթերում նախագահ Թրամփը նախօրեին ասել է, որ բանակցությունների դադարեցման վերբերյալ Թեհրանից պաշտոնական տեղեկատվություն չեն ստացել։
Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է․ «Կարծում եմ՝ նորմալ է, եթե էլ չեն բանակցելու․․․Բայց նրանք մեզ չեն տեղեկացրել այդ մասին»։
CNBC-ին տված հարցազրույցում ևս Թրամփն անդրադարձել է թեմային․ «Իսկապես ինձ դա չի հետաքրքրում, բացարձակապես չի հետաքրքրում»։
Մեկ այլ գրառմամբ Սպիտակ տան ղեկավարը հայտնել էր, որ հեռախոսով զրուցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույի հետ։ Միջնորդավորված խոսել է նաև «Հեզբոլա»-ի ներկայացուցիչների հետ։
«Իսրայելը նրանց վրա չի հարձակվի, նրանք էլ՝ Իսրայելի», – գրել էր նա։
Թեհրանից այս պնդումներին դեռ չեն արձագանքել։