Փաշինյանը Սևանում խոստացավ աջակցության ծրագրեր անել, եթե որևէ ապրանքի արտահանման արգելքը անարդար է եղել՝ նշելով, որ որոշ դեպքերում այդ արտահանման արգելքն արդարացի է լինում՝ հաշվի առնելով ապրանքի որակը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այսօր՝ հունիսի 2-ին, քարոզարշավ է իրականացնում Գեղարքունիքի մարզում:
«Այն, ինչ պետք էր արտահանել և չի արտահանվել, մենք այդ ապրանքների դեպքում սուբսիդավորում կիրականացնենք, որպեսզի մեր տնտեսության մեջ տուժողներ չլինեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով արտահանման նոր շուկաների մասին՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հենց այսօր բիզնես պատվիրակություններ են մեկնել, և կոնկրետ առաջարկներ կան վարդերի, միրգ-բանջարեղենի գնման համար: Նա չնշեց, թե ուր են մեկնել պատվիրակությունները:
Ըստ Փաշինյանի՝ այս պատմության մեջ վատ լուրն այն է, որ Հայաստանի արտադրության ծավալներն այդքան մեծ չեն, և եվրոպական սուպերմարկետների մեկ ցանցը կարող է մեր ամբողջ արտադրանքը գնել։ Ու, ըստ Փաշինյանի, այստեղ նաև լուր կա, որ մեծ խնդիրներ չեն լինի:
Փաշինյանը հիշեցրեց՝ միակ պաշտոնյան է, որ միաժամանակ ԵԱՏՄ և՛ միջկառավարական խորհրդի, և՛ բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ է։ Նա խոստացավ, թե ընտրություններից հետո կվերադառնա ու բոլոր խնդիրների լուծմամբ կզբաղվի։
Նա դարձյալ շեշտեց, որ Հայաստանը շարունակելու է արտաքին քաղաքականության մեջ դիվերսիֆիկացման և բալանսավորման գիծը։
Փաշինյանը շեշտեց, որ այս պահին լուծվում է պետության հարատևության հարցը. «Բիբա՞ր ա, փչանա՝ էդ բիբարի փողը ես կտամ, կառավարությունը [կտա], վարդ ա՝ կտամ… Բայց էս ամենի արդյունքում Հայաստանի բիբարի արտադրությունն էլ ա աճելու, արտահանումն էլ ա աճելու»:
Ապա ՔՊ վարչապետի թեկնածուն հիշեցրեց, որ այս ընտրությունները խաղաղության մասին են, և պետք չէ մոռանալ դրա մասին և կենտրոնանալ «բիբարի խնդրի» վրա: Ի պատասխան քաղաքացիներից մեկն արձագանքեց, որ «և՛ խաղաղությանը պետք է տեր կանգնել, և՛ բիբարին», ինչին ի պատասխան Փաշինյանը հայտարարեց. «Բիբարին մենք տեր կկանգնենք, դուք խաղաղությանը տեր կանգնեք»: