news.am Մեր տրամադրությունը շատ բարձր է, շատ ոգևորված ենք՝ հույսով ու հավատով, որ մեր վարչապետը նորից կծաղկեցնի մեր Հայրենիքը, և այդ գործընթացը կլինի շարունակական։ Այս մասին ասել է տարրական դասարանների ուսուցչուհի Հասմիկ Խաչատրյանը։ Նա այս մասին հայտարարել է հունիսի 2-ին՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղ Նիկոլ Փաշինյանի նախընտրական այցի ժամանակ, որտեղ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացնում էր քարոզարշավային հանդիպում։
Խաչատրյանի խոսքով՝ դպրոցի ողջ անձնակազմը՝ տնօրենի գլխավորությամբ, ներկա է եղել միջոցառմանը։ Բացակայել են միայն այն մանկավարժները, ովքեր այդ աշխատանքային օրը ներգրավված են եղել 9-րդ դասարանի հայոց լեզվի ավարտական քննությանը։ Ուսուցչուհին մեծ գոհունակություն է հայտնել տեղի դպրոցում, մանկապարտեզում ու մշակույթի տանն ընթացող վերանորոգման աշխատանքներից։ Նույնպիսի ակտիվություն ու համախմբվածություն է ցուցաբերել նաև տեղի նախադպրոցական կրթության ոլորտի տեխնիկական անձնակազմը։
Ծովագյուղի մանկապարտեզի ուրիշ աշխատակցի փոխանցմամբ՝ Փաշինյանի հետ հանդիպմանը եկել էր հաստատության գրեթե ողջ անձնակազմը՝ դաստիարակները, դաստիարակի օգնականները, բուժքույրն ու նույնիսկ դռնապանը, իսկ քիչ անց նրանց պետք է միանային նաև տնօրենն ու մեթոդիստը։ Լրագրողի այն հարցին, թե ինչու են աշխատակիցներն այնտեղ գտնվում աշխատանքային ժամին, Խաչատրյանը պարզաբանել է, որ մանկապարտեզի շենքում այժմ հիմնանորոգում է ընթանում, ինչի պատճառով էլ անձնակազմը պաշտոնապես պարապուրդի մեջ է։