news.am Բացարձակ իշխանությունը չի ներկայացնում բոլոր ընտրողների շահերը. Հայաստանին փոխզիջումների գնացող վարչապետ է պետք։ Հունիսի 2-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում այս մասին հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Կարպիս Փաշոյանը:
Այսօր «Լուսավոր Հայաստանը» քարոզարշավ է իրականացնում Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջաններում:
Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշել է, որ «Euronews»-ը մի տեղեկություն է տարածում, որն իսկույն որդեգրել են իշխանամետ լրատվամիջոցները։ Ըստ այդմ՝ հարցումներով առաջատարը կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որը կստանա ընտրողների ձայների 65 տոկոսը։ Միևնույն ժամանակ, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վստահեցնում է, թե ինքն է հավաքելու 53 տոկոս։ Քաղաքական գործիչն իրավամբ նկատել է, որ այս մաթեմատիկական անհամապատասխանությունը մտորումների տեղիք է տալիս։ Մարուքյանը միաժամանակ կոչ է արել երկու ուժերի ընտրազանգվածին էլ քվեարկել «Լուսավոր Հայաստանի» օգտին, որպեսզի երկիրը «գուբերնիա չդառնա»։ Նրա խոսքով՝ խաղն անազնիվ է, անլուրջ ու անարդար՝ փոքր ու ոչ հարուստ կուսակցությունների նկատմամբ, իսկ իշխանություններն ընդհանրապես լայնորեն կիրառում են վարչական ռեսուրսը։