aravot.am «Արդարություն և ազատություն Արթուր Օսիպյանին» պահանջի շուրջ միավորված քաղաքացիները երթ են իրականացնում Երևանում։ Նրանք նամակներ են հանձնում տարբեր երկրների դեսպանատներին՝ ի պաշտպանություն ավելի քան 15 օր հացադուլի մեջ գտնվող Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի, որի կյանքին ու առողջությանը լուրջ վտանգ է սպառնում ներկայումս։ Երթի մասնակիցները կրում են «Ազատություն Արթուր Օսիպյանին», «Լռել՝ նշանակում է խրախուսել» բովանդակությամբ պաստառներ։
Նամակում նշված է. «Մենք՝ քաղաքացիներիս խումբը, դիմում ենք ձեզ՝ խնդրելով ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, որոնք, մեր համոզմամբ, օգտագործում են պետական լծակները քաղաքացիների արժանապատվությունը նվաստացնելու նպատակով, ինչը հանգեցնում է երկրի շեղմանը ժողովրդավարական սկզբունքներից և ամրապնդում է ավտորիտար միտումները»։ Նաև ընդգծվում է, որ գործող իշխանություններին աջակցելը նշանակում է ուղղակիորեն հովանավորել Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից իրականացվող բռնաճնշումները։