civilnet.am Հայաստանը բոլոր շուկաները դիտարկում է որպես համագործակցության և արտահանման զարգացման պոտենցիալ հնարավորություններ։ Այս մասին ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան նշել են էկոնոմիկայի նախարարությունից։
«Էկոնոմիկայի նախարարության համար տնտեսության դիվերսիֆիկացումը հանդիսանում է առաջնահերթ ուղղություններից մեկը և մեծապես կարևորվում է միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայության ընդլայնումը»,- հայտնում են նախարարությունից։
Հայաստանից արտահանվող պտուղ-բանջարեղենի, մրգերի, ձկնեղենի, ալկոհոլային խմիչքների, ծաղիկների նկատմամբ ռուսական սահմանափակումների ֆոնին Հայաստանի վարչապետն ու էկոնոմիկայի նախարարը հայտարարել են, որ ավելացրել են արտահանումը դեպի եվրոպա և այլ երկրներ։
Առանց երկրների անուններ նշելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 2-ին լրագրողներին հայտնել է, որ վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել դեպի Եվրոպա և այլ երկրներ:
Նախօրեին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Հայաստանն արտահանում կիրականացնի դեպի Հունաստան, Գերմանիա և այլ երկրներ։ Նախարարի խոսքով՝ էկոնոմիկայի նախարարությունը արտահանման աջակցության ծրագրեր է ներկայացրել դեպի Եվրոպական Միություն, Մերձավոր Արևելք՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, մաքսատուրքի փոխհատուցում։
Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը կոշտացրել է իր հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ։