Գյումրիում մեկնարկել են ընտրական օրենսգրքի խախտմամբ տեղադրված նախընտրական քարոզչապաստառների և տպագիր նյութերի հեռացման աշխատանքները: Քաղաքական ուժերի կողմից թույլ տրված խախտումներն արձանագրվել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) շրջայցերի արդյունքում: Հանձնաժողովների համապատասխան որոշումների հիման վրա պաշտոնական գրություն է ուղարկվել Գյումրիի համայնքապետարան:
Համայնքապետարանից տեղեկացնում են, որ պաստառների հեռացման գործընթացը մեկնարկել է Մուշ և Անի թաղամասերի բազմաբնակարան շենքերից:
ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական նյութեր կարող են տեղադրվել միայն արտաքին պատերին առկա վճարովի գովազդային վահանակների վրա: Օրենքն ուղղակիորեն արգելում է քարոզչապաստառների տեղադրումը հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի և առևտրի օբյեկտների, վերելակների, հասարակական տրանսպորտի և տաքսիների վրա կամ դրանց ներսում:
Նույն հոդվածի համաձայն՝ սահմանված կարգի խախտմամբ տեղադրված նյութերը համապատասխան ԸԸՀ որոշման հիման վրա պարտավոր է հեռացնել համայնքի ղեկավարը՝ ոստիկանության աջակցությամբ, ինչը համայնքի ղեկավարի համար պատվիրակված լիազորություն է: Տեղական ինքնակառավարման մարմինը կոչված է ապահովելու հավասար պայմաններ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար:Գյումրիի համայնքապետարանից վստահեցնում են, որ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և կիրականացվեն քաղաքի ողջ տարածքում: ՏԻՄ-ը հորդորում է ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին՝ քարոզչական պաստառներն ու տպագիր նյութերը տեղադրել բացառապես դրա համար օրենքով նախատեսված վայրերում (հատուկ առանձնացված վահանակներ, վճարովի գովազդային վահանակներ և ընտրական շտաբներ):