ChatGPT Image Jun 4, 2026, 11_31_39 AM

Կառավարությունը փոխհատուցման չափեր սահմանեց ելակի, լոլիկի, պղպեղի, ծաղիկի արտահանման համար

ՀՀ կառավարությունը զեկուցվող հարցերի փաթեթով հաստատեց Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառումը:

Նշվում է, որ միջոցառումը պայմանավորված է Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով արտահանողներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։

Հարցը քննարկվել է արտահանողների հետ, և նրանք հայտնել են, որ այլ երկրներ արտահանման դեպքում մրցունակ լինելու համար անհրաժեշտ է արտահանվող յուրաքանչյուր կգ-ի համար տրամադրել որոշակի փոխհատուցում։ 

Արտահանման դինամիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում միջոցառման շրջանակներում արտահանման ենթակա ծավալները կկազմեն շուրջ 4250 տոննա, իսկ ծաղիկները՝ 10 մլն հատ։

2026թ. հունիս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝ 

  • ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ,
  • լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ,
  • պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ,
  • ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշեց, որ քննարկումներ են տեղի ունենում հաջորդիվ հիմնական արտահանվող մրգերի և այլ մշակաբույսերի համար:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ ներկայումս առանձին գործընկերների հետ քննարկում են իրենց կողմից ներմուծման դեպքում մաքսային որոշակի արտոնությունների շուրջ համաձայնության գալու ուղղությամբ, ինչը աջակցություն կլինի հայ արտադրողների համար:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը առաջարկեց, որ ՀՀ-ում արտադրված ցանկացած որակյալ գյուղատնտեսական ապրանք պետք է արտահանվի՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից. «Ես կարծում եմ՝ ՀՀ-ն բավարար ֆիսկալ պոտենցիալ ունի այդ խնդիրը լուծելու համար՝ անկախ նրանից, թե ինչ կանեն մեր գործընկերները»:

Նա նշեց, որ սա միջոցառումների շարքում առաջինն է, և շարունակելու են իրականացնել դրանք՝ ըստ անհրաժեշտության, սեզոնայնության:

«Ես կարծում եմ՝ նույն որոշումը պիտի տարածվի մրգերի, կոնյակի, գինու, հանքային ջրերի վրա: Ցանկացած շուկա, որտեղ մեր արտադրողը կարողանում է արտահանել, թող արտահանի, որևէ խնդիր չկա»,- հայտարարեց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունը վերջին շաբաթներին սահմանափակումներ է դրել հայկական մի շարք ապրանքների ներմուծման վրա, մասնավորապես՝ հայկական բուսասանիտարական հավաստագրերով ծաղիկներ, հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի, Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանում ՔՊ քարոզարշավի ժամանակ խոստացել էր աջակցության ծրագրեր անել, եթե որևէ ապրանքի արտահանման արգելքը անարդար է եղել:

«Այն, ինչ պետք էր արտահանել և չի արտահանվել, մենք այդ ապրանքների դեպքում սուբսիդավորում կիրականացնենք, որպեսզի մեր տնտեսության մեջ տուժողներ չլինեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն