armenpress.am Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը համոզված է, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը կարճ ժամանակահատվածում արդեն իսկ շոշափելի արդյունքներ է տալիս։ Նրա գնահատմամբ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը փոխել է մթնոլորտը Հարավային Կովկասում՝ ամուր հիմքեր ստեղծելով տևական խաղաղության, տնտեսական զարգացման, հաղորդակցությունների ապաշրջափակման և բարգավաճման համար։
Դեյվիդ Ալենն այդ մասին ասել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում՝ անդրադարձ կատարելով Հայաստան-ԱՄՆ քաղաքական, տնտեսական հարաբերությունների դինամիկային, երկկողմ գործընկերության զարգացման հետագա ներուժին, ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման գործում Վաշինգտոնի ունեցած դերակատարությանը։
Նա կարծիք է արտահայտել, որ այժմ Հայաստանի պատմության մեջ կարևորագույն պահ է, և կա իրական հնարավորություն՝ ամրապնդելու տևական խաղաղությունն, ապա օգտվելու այդ խաղաղության ընձեռած մյուս բոլոր հնարավորություններից։
Հարցազրույցն անցկացվել է մայիսի 15-ին։
-Պարոն Ալեն, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ներկա մակարդակը, ի՞նչ կարևոր կողմեր կընդգծեք և ի՞նչ հեռանկարներ եք տեսնում երկկողմ կապերի հետագա զարգացման համար։
-Կարծում եմ՝ ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել։ Միայն վերջին 12 ամիսների ընթացքում, եթե մտածեք այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել՝ սկսած 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովից, ԱՄՆ փոխնախագահի՝ փետրվարին Հայաստան կատարած պատմական այցից, կտեսնեք, որ այդ ժամանակից ի վեր՝ մենք ունեցել ենք մի քանի բավականին խոշոր կոմերցիոն գործարքներ։ Մենք առաջ ենք շարժվում TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ, աշխատում ենք երկկողմ փոխըմբռնման հուշագրի իրականացման ուղղությամբ։ Մենք շատ լավ գործընկերային հարաբերություններ ունենք։ Եվ ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների ապագան, անկասկած, շատ պայծառ է։ Սա շատ դրական է, և կարծում եմ, որ լավ բաները շարունակվելու են տեղի ունենալ առաջիկա ամիսներին և տարիներին: Ըստ իս՝ մասնավորապես փոխնախագահի այցը վճռորոշ պահ էր. Այն, կարելի է ասել, նոր դարաշրջան բացեց ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերություններում: Մենք ունեցել ենք որոշակի մեծ առաջընթաց մեր տնտեսական հարաբերություններում: Մի քանի բան, որոնց մասին կարող եմ նշել. իհարկե, սա մեծամասամբ ԱՄՆ մասնավոր հատվածն է, սակայն, օրինակ, YouTube-ը վերջերս հայտարարեց, որ Հայաստանը մուտք է գործում YouTube-ի գործընկերային ծրագիր, որը թույլ կտա հայկական բովանդակության ստեղծողներին ֆինանսական օգուտներ քաղել YouTube-ում տեղադրվող բովանդակությունից։ Մենք ունեցել ենք նաև 4-5 միլիարդ դոլարի հասնող գործարք՝ Երևանի մոտակայքում ամերիկյան կոնսորցիումի կողմից կառուցվող արհեստական բանականության կենտրոնի շրջանակում։ Մենք ունենք որոշ խոշոր ամերիկյան շահեր Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում։ Եվ դա միայն կոմերցիոն առումով։ Քաղաքական առումով Հայաստանի վարչապետը լավ փոխհարաբերություններ ունի ԱՄՆ նախագահի և փոխնախագահի հետ։ Եվ կասկած չկա այն մասին, թե ինչ օգուտներ կարող են լինել Հայաստանի և Միացյալ Նահանգների համար, որոնք, մեր կարծիքով, կլինեն, երբ TRIPP նախագիծը լիովին գործի, երբ Ադրբեջանի հետ խաղաղությունը լիովին կյանքի կոչվի, երբ Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ կարգավորվեն: Եվ սա, կարծում եմ, կբացի մի շարք շատ նշանակալի նոր հնարավորություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների համար:
-Փետրվարին հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն. ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսն այցելեց Հայաստան, որի շրջանակներում մի շարք կարևոր փաստաթղթեր ստորագրվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս առումով ինչպե՞ս կգնահատեք ԱՄՆ փոխնախագահի այցի նշանակությունը Հայաստան, և ի՞նչ նոր հնարավորություններ կարող է այն բացել երկկողմ հարաբերություններում։
-Կարծում եմ՝ փոխնախագահի այցի ամենակարևոր մասն այն է, որ այն իսկապես ցույց տվեց Հայաստանի և վերջինիս հետ հարաբերությունների կարևորությունն ԱՄՆ կառավարության ամենաբարձր մակարդակներում: Կարծում եմ՝ կան մարդիկ, որոնք ուզում են ասել, որ օգոստոսի 8-ի գագաթնաժողովը ոչ այլ ինչ էր, քան «լուսանկարվելու հնարավորություն», և որ Միացյալ Նահանգները և մասնավորապես նախագահը կամ փոխնախագահը հավատարիմ չեն այդ փոխըմբռնումներին և այդ համաձայնություններին: Եվ ես, անշուշտ, հույս ունեի, որ անձամբ փոխնախագահի այստեղ գալը, որն առաջին նման բարձրաստիճան այցն էր ԱՄՆ-ից Հայաստան՝ վերջինիս անկախությունից ի վեր, պետք է դիտարկել որպես նշան, որ Միացյալ Նահանգները հանձնառու է ամենաբարձր մակարդակներում ՀՀ կառավարության հետ պայմանավորվածություններին, Հայաստանի հետ մեր հարաբերություններին և Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերի իրականացմանը։ Ավելի վաղ իմ նշած շատ բաներ, կարծում եմ, հնարավոր են դարձել փոխնախագահի այցի շնորհիվ։
Մենք մի քանի արտահանման լիցենզիաներ ենք տրամադրել՝ թույլ տալով ԱՄՆ տեխնոլոգիաների մուտքը Հայաստան։ Սա առաջին անգամն է, որ նման տեսակի արտահանման լիցենզիաներ են տրամադրվում Հայաստանի համար։ Եվ իրականում դա շատ տարածված չէ նույնիսկ այս տարածաշրջանից դուրս։ Կարծում եմ՝ միայն երկու կամ երեք այլ երկրներ են ստացել այդ արտահանման լիցենզիաները։ YouTube-ի գործընկերության ծրագիրը իրականում ևս մեկ հիանալի օրինակ է։ Դա այն է, ինչին Հայաստանը ձգտել է շատ երկար ժամանակ։ Եվ հենց փոխնախագահի այցն էր, որը մեծ մասամբ բացեց նաև այդ հնարավորությունը։ Այդ մասին հայտարարվեց նրա այցի ժամանակ։
Մենք համաձայնության ենք եկել այսպես կոչված 1, 2, 3 համաձայնագրի շուրջ, որը թույլ է տալիս ավելի սերտ համագործակցություն և տեղեկատվության փոխանակում քաղաքացիական միջուկային հարցերով, որը գնալով ավելի կարևոր կդառնա, երբ Հայաստանը որոշումներ կայացնի Մեծամորի ատոմակայանը նորով փոխարինելու վերաբերյալ։
ՀՀ ներքին գործերի նախարարությունն արդեն հայտարարել է, որ նրանք առաջ են շարժվում կենսաչափական անձնագրերի և նույնականացման փաստաթղթերի գործընթացում, ինչը դրանք կդարձնի ավելի անվտանգ։ Իրականում այդ փաստաթղթերն ամերիկյան ընկերություն է պատրաստելու։ Կարծում եմ՝ մենք շարունակում ենք շարժվել ճիշտ ուղղությամբ և հնարավորությունները շարունակելու են աճել։ Մենք դեռ կտեսնենք նոր այլ հնարավորություններ։
-2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում ստորագրեցին խաղաղության հաստատման մասին հռչակագիր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ։ Հայաստանն ու Ադրբեջանը նաև նախաստորագրեցին կողմերի միջև դեռևս այդ տարվա մարտին համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստը։ Պարոն Ալեն, ինչպե՞ս է ԱՄՆ-ն տեսնում իր դերը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման գործում և ի՞նչ կարող է դա տալ տարածաշրջանին։
-Նախագահ Թրամփը շատ հստակորեն հայտարարել է, որ ցանկանում է լինել «խաղաղության նախագահ»: Իհարկե, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը նրա կողմից ձեռնարկված մի քանի խաղաղության նախաձեռնություններից միայն մեկն է: Սա, անկասկած, հաջողված խաղաղության նախաձեռնություններից մեկն է եղել, և չեմ կարծում, որ դժվար է տեսնել օգոստոսի 8-ից ի վեր տեղի ունեցած որոշ փոփոխություններ: Լավագույն օրինակներից մեկը, որը կարող եմ հիշել, այն է, որ անցյալ տարի այս ժամանակ Հայաստան-Ադրբեջան սահմանին բառացիորեն հարյուրավոր ենթադրյալ հրադադարի խախտումներ են եղել, և կողմերը միմյանց են մեղադրել սահմանին կրակոցների մեջ։
Օգոստոսի 8-ից ի վեր՝ կարծում եմ, որ ոչ մի դեպք չի եղել: Այսպիսով, կարծում եմ իսկապես շոշափելի և կարևոր նշան է, որ հանգամանքները փոխվել են:
Մայիսի սկզբին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, որտեղ առաջին անգամ ներկա էր բարձրաստիճան թուրքական պատվիրակություն, բայց նաև՝ ադրբեջանական պատվիրակություն։ Մի պահ պատկերացրեք․ ադրբեջանցիները գալիս են Հայաստան քաղաքական հանդիպման, և դա նորմալ է, ճիշտ է։ ԵՔՀ հանդիպմանը ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ո՞վ կարող էր մեկ տարի առաջ կանխատեսել, որ դա տեղի կունենա։ Եվ ես կարծում եմ, որ դա օգոստոսի 8-ի համաձայնագրի ուղղակի արդյունք է։ Դա վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կողմից կայացրած որոշումների ուղղակի արդյունք է։ Սա, կարծում եմ, Հայաստանի պատմության մեջ կարևորագույն պահ է։ Մեր կարծիքով՝ կա իրական հնարավորություն՝ ամրապնդելու տևական խաղաղությունը, ապա օգտվելու այդ խաղաղության ընձեռած մյուս բոլոր հնարավորություններից: Եվ այստեղ ես մտածում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, սահմանների ապաշրջափակման մասին, գուցե հայկական արտադրանքը ոչ միայն Ադրբեջան, Թուրքիա, այլև Եվրոպա արտահանելու հնարավորության, առևտրային հարաբերությունների աճից բխող տնտեսական օգուտների մասին: Եվ հետո, իհարկե, պարզապես այն փաստը, որ առաջին անգամ, գուցե շատ երկար ժամանակ անց, հայերը անհանգստանալու կարիք չեն ունենա: Ես գիտեմ, որ սա հատկապես մտահոգիչ է եղել վերջին հինգ կամ վեց տարիների ընթացքում՝ 2020 թվականից ի վեր: Սա իսկապես վերջ է դնում Հայաստանի դեմ ապագա ռազմական գործողությունների վերաբերյալ անհանգստությանն ու մտահոգությանը: Եվ այսպես, այս ամենը միասին վերցրած, կարծում եմ, հնարավորություն են տալիս Հայաստանին և հայերին լինել շատ կայուն դիրքում, որտեղ դուք կարող եք սկսել մտածել Հայաստանի ապագայի մասին, ինչպես նաև՝ Եվրոպայի, Միացյալ Նահանգների, այլ գործընկերների հետ հարաբերությունների մասին։ Կարծում եմ, որ կան անթիվ հնարավորություններ, որոնք օգոստոսի 8-ը, ԱՄՆ-ի ներգրավվածությունը և խաղաղության գործընթացը իսկապես ընձեռել են, և դրանք շատ հնարավոր են, քանի որ այս գործընթացն առաջ է շարժվում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում