Արտուր Օսիպյանի վիճակը ծանր է և գնալով վատանում է․ այսօր հացադուլի 17-րդ օրն է։ Այս մասին հայտնել է Օսիպյանի պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը, որն իր պաշտպանյալին ՔԿՀ-ում տեսակցել է երեկ։
«Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա և ամեն օր կարող է ինչ-որ վատ բան պատահել, քանի որ ըստ բժիշկների՝ արդեն 14-րդ օրը օրգանիզմը սկսում է գլյուկոզա ստանալ սրտամկանից։ Եվ սա կյանքի համար արդեն լուրջ սպառնալիք է։
Այո, հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ինչո՞ւ չես զոհվել՝ Արտուրին մահ ցանկանալով։ Սակայն պետք չէ, որ Նիկոլ Փաշինյանի այս ցանկությունն իրականանա։ Արտուրին նույնիսկ թշնամին չի կարողացել մարտի դաշտում ոչնչացնել։ Եթե ցավալի իրադարձություն տեղի ունենա, ապա այս ամենի մեղավորն ու պատասխանատուն լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը չպետք է թույլ տա Արթուր Սարգսյանի՝ հայտնի Հաց բերողի տխուր ճակատագիրը»,- ֆեյսբուքյան տեսանյութով հայտնել է պաշտպանը։
Նա նշել է, որ Օսիպյանը մեղադրվում է 3 ենթադրյալ հանցագործությունների մեջ․ առաջինը՝ քարոզարշավին խոչընդոտելը, որը դրսևորվել է Նիկոլ Փաշինյանին ոչ ցանկալի հարցեր ուղղելու եղանակով, կամ, պաշտպանի խոսքով, այն ժամանակ, երբ Փաշինյանը չէր ուզում հարցեր լսել․ «Սա զարմանալի է, և ժողովուրդը պետք է հասկանա, որ Փաշինյանին հարցեր տալը ուղիղ կապ ունի անազատության հետ»,- նշել է Հովհաննիսյանը։
Երկրորդն այն է, որ նա կատարել է խուլիգանություն՝ հայհոյանքներ հնչեցնելու եղանակով․ «Սա նույնպես անօրինական մեղադրանք է, և այս արարքը նույնպես կատարվում է խոսակցական ապարատի օգտագործման միջոցով»,- նշել է պաշտպանը։
Իսկ երրորդը բռնության կոչն է, որ ֆեյսբուքում գրել է՝ «ողնաշարդ կջարդեմ» «բմբուլներդ քամուն կտամ»․
«Բա Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր «սատկացնում է», «կզացնում է», ով է իմանում՝ սպառնում է, ինչ է անում։ Նրան կարելի է, Օսիպյանին չի՞ կարելի։ Թե՞ ՀՀ-ում միայն վարչապետը իրավունք ունի քաղաքական իմաստով «կզացնի» կամ «սատկացնի», իսկ Օսիպյանը [չի կարող] քաղաքական առումով «ողնաշար ջարդի» կամ «բմբուլներ քամուն տա»։ Ուշադրություն դարձրեք այս ենթադրյալ հանցագործություններին, բոլորը կատարվել են խոսակցական ապարատի օգնությամբ։ Եվ վարչական հսկողություն խափանման միջոցը՝ հրապարակային խոսքի սահմանափակմամբ, ավելի քան բավարար էր Արտուր Օսիպյանի օրինական վարքագիծը ապահովելու համար։
Եվ այս տեսանկյունից ազատազրկել Օսիպյանին, նրա արժանապտվությունը նվաստացնել, և հիմա նրա կյանքը ամենօրյա ռեժիմով դնել վտանգի տակ, անընդունելի է և Հայաստանի նորագույն պատմության մեջ սա ուղղակի խայտառակություն է, ու սրան պետք է վերջ դնել»,- հայտարարել է պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը։