news.am Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև կրակի դադարեցման վերջին համաձայնությունը հնարավորություն է տալիս կանխել լայնամասշտաբ մարտական գործողությունների վերադարձը, սակայն իրավիճակը դեռևս ծայրահեղ փխրուն է։
Նրա խոսքով՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահի զոհվելը և շարունակվող տեղային բախումներն ընդգծում են ձեռք բերված պայմանավորվածությունների անկայունությունը և լարվածության սրացման պահպանվող ռիսկերը։
Կալասը շեշտել է, որ «Հըզբոլլահից» բխող սպառնալիքի երկարաժամկետ նվազեցումը հնարավոր է միայն լիբանանյան պետության և նրա ինստիտուտների ամրապնդման միջոցով։