img_3988

Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը

 

Հունիսի 4-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստը, հայտնում է պաշտպանի գրասենյակը։

«Ողջունելով հյուրերին՝ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ընտրական գործընթացներում հաստատության մանդատին առնչվող գործառույթները, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղություններն ու աշխատանքի մեթոդաբանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է նախընտրական քարոզարշավի ընթացքում տարածվող խոսքի անթույլատրելի դրսևորումներին՝ ընդգծելով, որ շարունակաբար արձանագրվում են մարդու իրավունքների չափանիշներին չհամապատասխանող, ագրեսիվ, խտրական, ատելություն սերմանող, պիտակավորող և ոչ զգայուն խոսքի տարբեր դրսևորումներ։

Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ ընտրական գործընթացների համատեքստում իրավական պատասխանատվության գործիքները պետք է կիրառվեն հավասար և միասնական չափանիշներով՝ բացառելով ընտրովի մոտեցումները։ Այդ համատեքստում Պաշտպանն ընդգծել է նաև, որ պետական մարմինների հանրային հաղորդակցությունը նախընտրական ժամանակահատվածում պետք է լինի առավել զգայուն և մարդու իրավունքների սկզբունքներին համահունչ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ազատությունից զրկման ձևով խափանման միջոցների կիրառման մեծաքանակության խնդիրը: Անահիտ Մանասյանը նշել է, որ կալանքը, օրինակ, հաճախ կիրառվում է անհասկանալի և ոչ միասնական տրամաբանությամբ, և ոլորտն ունի համակարգային բարեփոխման անհրաժեշտություն:

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Նախանշվել են մարդու իրավունքների ոլորտում համագործակցության հետագա ուղղությունները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն