civilnet

Ռուսաստանից Հայաստան՝ ընտրության. Միկա Բադալյանի՝ ավիատոմսի առաջարկից օգտվելու ՍիվիլՆեթի փորձը |civilnet.am

civilnet.am «Ոչ մի ցուցակ, ոչինչ չի լինելու». ռուսաստանյան «Եվրազիա» կազմակերպության խորհրդի անդամ Միկա Բադալյանը այս խոստումով էր դեռ մարտին դիմում Ռուսաստանում բնակվող հայերին՝ առաջարկելով օգնել նրանց գալ Հայաստան և մասնակցել խորհրդարանական ընտրություններին։

Հայտարարությունը հնչել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումից հետո, թե Ռուսաստանի հայերի մեծ մասը ընտրություններում իրենց ձայնը տալու են գործող իշխանությանը։

«Շատ եմ ուզում օգնել հայերին գնալ Հայաստան խորհրդարանական ընտրություններին և կատարել իրենց ընտրությունը։ Առավել ևս, որ պարոն Փաշինյանը վստահ է, թե Ռուսաստանի հայերը իրենց ձայնը կտան իրեն»,- մարտի 12-ին Տելեգրամում հրապարակած տեսաուղերձում ասել էր Բադալյանը։

Մայիսի 3-ին՝ Մոսկվայի հայկական եկեղեցու դիմացից հրապարակված մեկ այլ տեսաուղերձում, նա կրկին անդրադառնում էր Փաշինյանի այդ հայտարարությանը և կոչ անում իր հետ կապ հաստատել նրանց, ովքեր ընտրություններին մասնակցելու համար տոմսերի ձեռքբերման օգնության կարիք ունեն, ինչպես նաև նրանց, ովքեր պատրաստ են աջակցել այլ հայրենակիցների ուղևորությանը։

Պարզելու համար, թե ինչ սխեմայով էր կազմակերպվում Ռուսաստանից ընտրողների Հայաստան գալու աջակցությունը, #CivilNetCheck-ի լրագրողը Տելեգրամում կապ հաստատեց Բադալյանի հետ՝ ներկայանալով որպես Ռուսաստանում բնակվող հայ։

Չորս ուղևորի պատմություն

Բադալյանին գրեցինք, որ Ռուսաստանում բնակվող չորս հոգանոց ընտանիք ենք՝ հետաքրքրվելով, թե հնարավոր է արդյոք Հայաստան մեկնելու համար ավիատոմսեր ձեռք բերել։ Նա արագ արձագանքեց՝ առաջարկելով ուղարկել ուղևորների անուն-ազգանունները, բնակության քաղաքը և կապի տվյալները։

Բադալյանից հետաքրքրվեցինք, թե կարո՞ղ են չորսի համար էլ ավիատոմսեր գնել։ Մայիսի 5-ին նա պատասխանեց, որ արդեն 1,200 մարդու համար գնվել են տոմսեր՝ ակնարկելով, որ դա խնդիր չէ։ Հարցին, թե ով է կապ հաստատելու մեզ հետ, պատասխանեց, որ դա կանի «պատասխանատու մարդը»։

Այնուհետև ուղարկեցինք հորինված անուններ և կոնտակտներ՝ նշելով, որ բնակվում ենք Սանկ-Պետերբուրգում։

Մի քանի օր, սակայն, ոչ ոք կապ չհաստատեց։ Երբ Բադալյանից կրկին հետաքրքրվեցինք, թե արդյոք արժե սպասել, նա դրական պատասխան տվեց՝ նշելով, որ «հերթը մեծ» է։ Վստահեցրեց, որ անպայման կապ կհաստատեն։


Տոմսերն այդպես էլ չեկան

Հունիսի 1-ին Տելեգրամի Ateo Breaking ալիքը հրապարակեց Բադալյանի հետ հաղորդակցության սքրինշոթեր։ Ինչպես մեր դեպքում, այստեղ էլ Բադալյանը խոստանում էր տոմսեր։ Թռիքի օր էր նշել հունիսի 4-ը՝ Մոսվվայից։ Գրառումը լայն տարածում գտավ, ինչին նույն օրը արձագանքեց նաև Բադալյանը։ Նա հայտարարեց, որ նման օգնության մասին բացահայտ խոսում է դեռ մարտի 12-ից, և պնդեց, թե արդեն «հազարավոր մարդիկ» օգտվել են այդ հնարավորությունից։ Բադալյանը շեշտեց նաև, որ տոմսեր տրամադրելիս որևէ քաղաքական պայման կամ նախընտրական քարոզչություն չի իրականացվում, և կրկին կոչ արեց ընտրություններին մասնակցելու համար Հայաստան մեկնել ցանկացողներին իր հետ կապ հաստատել Տելեգրամով։

Հունիսի 2-ին մեր անանուն զրուցակիցը նոր հաղորդագրություն ուղարկեց՝ տեղեկացնելով, որ «ցավոք, տոմսեր ձեռք բերելու հնարավորություն կա միայն հունիսի 4-ի համար և միայն՝ Մոսկվայից»։ Պատասխանեցինք, որ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում նաև Մոսկվա մեկնել, եթե թռիչքը հաստատվի։ Զրուցակիցը պատասխանեց, որ կճշտի և կվերադառնա հարցին։

Սակայն հունիսի 3-ին ստացանք վերջնական պատասխան. «Ներողություն եմ խնդրում, սակայն ստիպված եմ տեղեկացնել, որ այս պահին, ցավոք, հնարավոր չէ ձեռք բերել տոմսեր, ուստի, ցավոք, չենք կարողանա օգնել ձեզ»։ Հարցրինք, թե որն է պատճառը, սակայն արձագանք չեղավ։

Գրեցինք Բադալյանին՝ դժգոհություն հայտնելով, որ ամբողջ ամսվա ընթացքում վստահեցրել էին մեզ, թե հարցը լուծված է, ինչի պատճառով արդեն փոխել էինք մեր ծրագրերը, արձակուրդ վերցրել և պատրաստվում էինք ուղևորությանը։

Բադալյանը պատասխանեց, որ խնդիրը իրենցից կախված չէ և պատճառաբանեց, թե «բավարար թվով տեղեր չեն հատկացվել»։ Երբ հարցրինք, թե ումից է կախված գործընթացը, եթե ինքն է զբաղվում դրա կազմակերպմամբ, հիշեցրինք նաև, որ ընդամենը երկու օր առաջ հրապարակայնորեն հայտարարել էր տոմսերի համար նոր հնարավորությունների մասին, նա կրկին պնդեց, որ «ամեն ինչ իրենից կախված չէ»։ Հարցին, թե այդ դեպքում ումից է կախված գործընթացը և արդյոք ինքը չէր զբաղվում դրա կազմակերպմամբ, Բադալյանը պատասխանեց, որ այո, ինքն է զբաղվել, սակայն կրկին ընդգծեց, որ «ոչ ամեն ինչ իրենից է կախված»։ Առաջարկեցինք գոնե երկու տոմս գնել, ինչին պատասխանեց. «Ցավոք, այս պահին որևէ հնարավորություն չունեմ»։

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ հարուցեց

Հատկանշական է, որ մերժման պատասխանը ստացանք հունիսի 3-ին՝ այն նույն օրը, երբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ քրեական վարույթ է նախաձեռնել Միկա Բադալյանի կողմից ընտրակաշառք տալու ենթադրյալ դեպքերի առթիվ։

Կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ ստացվել են բավարար փաստական տվյալներ այն մասին, որ Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ հարյուրավոր քաղաքացիների խոստացել է ծառայություններ և այլ առավելություններ՝ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու պայմանով։ Հաղորդագրությունում նշվում էր, որ ձեռնարկվում են միջոցառումներ ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն