l-0x200wh-2048x1193z-0-3838

Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար

Հրազդանում արհեստական բանականության (ԱԲ) մեգակենտրոնի կառուցումը մոտենում է եզրափակիչ փուլին։ Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ այսօր տեղում ծանոթացանք պաշտոնական գործարկման նախապատրաստական աշխատանքներին և ենթակառուցվածքների պատրաստվածությանը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Այս նախագիծը ոչ միայն հզոր ինժեներական կառույց է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։ Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։

Ծրագրի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլարի։

Այս մեգանախագիծը կդառնա տարածաշրջանի խոշորագույնը։ Գործարկումից հետո 200.000 քառակուսի մետր տարածքում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU։

Մինչև 2027 թվականի ավարտը GPU-ների թիվը կգերազանցի 100.000-ը (NVIDIA Blackwell և Vera Rubin)` Հայաստանը դասելով արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ աշխարհի առաջատար հինգ երկրների շարքում։

ՀՀ Կառավարության և Firebird ընկերության համատեղ համագործակցության շնորհիվ Հայաստանը տեխնոլոգիաների սպառողից վերածվում է աշխարհին արհեստական բանականության բարձր տեխնոլոգիական արդյունք և լուծումներ առաջարկող երկրի, որը պատրաստ է սահմանել ապագայի խաղի կանոնները»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն