Ռուսաստանն ակնկալում է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և նրանց երեք հարևաններ՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան) հաջորդ հանդիպումը արտգործնախարարների մակարդակով կկայանա Բաքվում կամ Երևանում. այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։
«Մենք ակնկալում ենք, որ հաջորդ նախարարական հանդիպումը տեղի կունենա կա՛մ Բաքվում, կա՛մ Երևանում։ Որքան հասկանում ենք՝ այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում մեր ադրբեջանցի և հայ գործընկերների միջև։ Ես հատկապես կցանկանայի ողջունել վրացական փորձագիտական շրջանակների ներկայացուցչի մասնակցությունը մեր քննարկմանը: Մեզ համար, ինչպես վստահ եմ բոլոր հարթակի մասնակիցների համար, Վրաստանը մնում է կարևոր գործընկեր, առանց որի «3+3» -ի հեռանկարները դժվար թե լիովին իրականացվեն: Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում մեր աշխատանքին կմիանա նաև պաշտոնական Թբիլիսին»,- ասել է նա «3+3 հարթակ. ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական գործընկերություն» խորագրով նիստի ժամանակ։