aravot.am «Դիտարկման ժամանակահատվածում՝ ապրիլի 1-ից սկսած առաքելության կողմից ամենաշատ արձանագրված դեպքերը կրթական հաստատությունների և մասնավորապես նաև երեխաների, անչափահասների ներգրավումն է քարոզչական միջոցառումներում։ Մենք արձանագրել ենք մի շարք դեպքեր, երբ համայնքներում օրենսդրական կարգավորումները չեն գործել»,-«Մեդիա կենտրոնում» «Ականատես» դիտորդական առաքելության նախընտրական փուլի ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ընտրական ծրագրերի համակարգող Մերի Մինասյանը։
Այնուհետև որոշ օրինակներ բերեց․ «Ապրիլի 19-ին Ախուրյան համայնքում կրթական հաստատությունների անձնակազմներին՝ դպրոցների, մանկապարտեզների անձնակազմներին հորդորվել է մասնակցել Գյումրիում կայացած փառատոնի շրջանակում Վարչաբենդ խմբի ելույթին։ Իրենց ասել են, որ գան սեփական մեքենաներով, որ ուշադրություն չգրավեն։ Ստիպողական և համակարգված մասնակցություն է եղել։ Մայիսի 13-ին Ապարան համայնքում դպրոցների տնօրենները, ուսուցիչներն աշխատանքի ժամին համակարգված մասնակցել են իշխող կուսակցության քարոզչական միջոցառմանը։ Տնօրինության հրահանգով աշակերտները ևս դուրս են եկել դասերից։ Նրանց բաժանվել են դրոշներ, քարոզչական պաստառներ և երեխաները նույնպես համակարգված մասնակցել են քարոզարշավին»: […]
Մերի Մինասյանը նաև ասաց, որ միայն իշխող ուժի կողմից չեն արձանագրվել երեխաների ներգրավումը տարբեր քարոզչական միջոցառումներում, այլ նաև մյուս կուսակցությունների․ «Մասնավորապես «Ուժեղ Հայաստանի» կողմից ապրիլի 11-ին Երևանում կայացած հանրահավաքում արձանագրել ենք ուսուցիչների ուղեկցությամբ երեխաների խմբեր կուսակցական լոգոներով և հագուստներով, Մասիսում ևս նման միջոցառումների կազմակերպման փորձ է եղել, սակայն ծնողների կողմից մերժման հանգամանքով կանխվել է։ Ապրիլի 25-ին Թալինում և Արարատում տասնյակ դեռահասներ բերվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակ բուկլետ վերցնելու և համայնքներում դրանք բաժանելու համար։ Նմանատիպ դեպքեր արձանագրվել են նաև Ստեփանավանում, Վարդենիսում, Աբովյանում։ Հունիսի 3-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքին 12-14 տարեկանները նաև որոշակիորեն համակարգել են երթը՝ բարձրախոսներով վանկարկել են կոչեր, շապիկներ են բաժանել, հեռախոսազանգերի միջոցով իրենց հասակակիցներին են հավաքագրել։ Մասնավորապես «Հայաստան դաշինքի», ԲՀԿ-ի և «Միասնության թևերի» հանրահավաքներում ևս նկատել ենք երեխաների և անչափահասների կազմակերպված մասնակցության դեպքեր»։
Խոսելով վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի մասին՝ նա ասաց․ «Արձանագրել ենք դեպքեր, երբ կառավարության, պետական, համայնքային մարմինների կողմից ընդունվել են որոշումներ, որոնք եղել են բավականին բարենպաստ և կարող էին առնվազն ընկալվել և ընկալվել են՝ որպես ընտրողների աջակցությունը խթանելու գործողություններ՝ կենսաթոշակների, հաշմանդամության նպաստի, աշխատավարձերի բարձրացման հետ կապված նախաձեռնությունները, էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր մեխանիզմների ներմուծումը և այլն»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում