«Հանրապետություն» կուսակցությունը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարցով փաստաթղթեր ներկայացրեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Առաջին կետով պահանջում են, որ անվավեր ճանաչվի դաշինքը գրանցելու ԿԸՀ որոշումը, իսկ եթե ԿԸՀ-ն համարի, որ իր որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու համար հիմքերը բավարար չեն, երկրորդ կետով պահանջում են, որ ԿԸՀ-ն դիմի ՀՀ վարչական դատարան:
«Արտաքին ազդեցության մասին, ֆինանսական թափանցիկության մասին, խոսույթ կա արտասահմանից ՀՀ քաղաքացիների վրա ճնշում գործադրելով Հայաստան տեղափոխելու մասին… Այս ամենը միտված է խափանելու ընտրությունների բնականոն ընթացքը: Եվ կարծում ենք՝ ՀՀ իշխանությունները ունեցել են անելիք և չեն արել»,- ասաց կուսակցությունից պատգամավորության թեկնածու Գրիգոր Առաքելյանը:
Այս հարցը պետք է հանգուցալուծվի մինչև ընտրությանը նախորդող օրվա ավարտը: Կախված ԿԸՀ որոշումից՝ կուսակցությունը քաղաքական որոշում կկայացնի այն բողոքարկելու կամ չբողոքարկելու:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, քաղաքական թիմի առաջին համար Արամ Սարգսյանը «Չիբուխչյան լայվ» հաղորդման եթերում ասել էր, որ դիմելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով:
«Օրենքն ասում է, թե որ դեպքերում է, որ քաղաքական կուսակցություններին պիտի թույլ չտրվի քվեարկվելու. դրանք մասսայական ընտրակաշառքների, դրսից ուղղորդման և այլնի խնդիրներն են, որոնք հիմնականում Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է մամուլում: Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն պետական մարմին է, և հենց այդ պետական մարմնին հղում անելով էլ դիմելու եմ»,- ասաց նա:
Նշենք, որ երեկ՝ հունիսի 4-ին՝ Հանրային ՀԸ եթերում տեղի ունեցած մեծ բանավեճի ժամանակ Հայաստանի Շնորհապետական կուսակցության, «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուներ Գուրգեն Սիմոնյանը և Արամ Սարգսյանը հարց են ուղղել ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց են ուղղել, թե ինչու են թույլ տվել, որ գրանցում ունենան այն ուժերը, որոնց մեղադրում են արտաքին ազդեցություն ունենալու մեջ: Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. Ես որոշել եմ, որ մենք չենք դիմելու, դուք կարող եք դիմել ԿԸՀ, որովհետև երբ մենք դիմենք, էդ մարդիկ ասելու են՝ վախեցան ընտրությունները պարտվեն: Դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթ է, Պարոն Սիմոնյան, Պարոն Սարգսյան, ինչո՞ւ չեք դիմում, որ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկեն, որ Ռոբերտ Քոչարյանի գրանցումը չեղարկեն, որ ԲՀԿ-ի…. Ես կոչ եմ անում հրատապության կարգով հենց վաղը առավոտ դիմել»: