Screenshot 2026-06-05 181828

ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել | azatutyun.am

azatutyun.am Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների շրջանակում միայն Երևանում 36 շտաբի տարածք է նվեր ստացել։ Դրանք ՔՊ-ին տրամադրվել են անհատույց օգտագործման իրավունքով՝ մեծամասամբ քարոզարշավի ընթացքում՝ մայիսի 1-ից մինչև հունիսի 15-ը օգտագործելու համար։

«Ազատություն»-ը ԿԸՀ ներկայացված մի շարք փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզել է, որ այս նվիրատվությունները իշխող ուժին կատարել են գործող պաշտոնյաներ, խոշոր գործարարներ, օլիգարխների հետ փոխկապակցված անձինք։

Միայն Երևանում ՔՊ-ն ունի 106 շտաբ, որոնցից առնվազն 36-ը՝ մեկ երրորդը, անհատույց օգտագործմամբ են հանձնվել իշխող կուսակցությանը։ Երևանի բոլոր վարչական շրջաններում սփռված այդ տարածքների մի մասի սեփականատերերը իշխող ուժի ներկայացուցիչներ են կամ համակիրներ, սակայն մի էական մասի դեպքում էլ շտաբերը նվիրատվությամբ ՔՊ-ին հանձնել են խոշոր գործարարներ, պաշտոնյաներ, օլիգարխների հետ կապված անձինք։ Կուսակցությունների մասին օրենքի համաձայն՝ անհատույց օգտագործմամբ տարածքներ հանձնելու այս դեպքերը համարվում են նվիրատվություն և պետք է արտացոլվեն ՔՊ-ի՝ գալիք տարվա հաշվետվությունում։

Էրեբունի. Քուշկյանի կինը, Սեդրակյանների մտերիմը, «Կամուրջ»-ի սեփականատերը

ԿԸՀ փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվում է, որ ընտրական շտաբի տեղակայման նպատակով ՔՊ-ին տարածք է տրամադրել առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի կինը՝ Նարինե Մամիկոնյանը։ Վերջինս «Նաիրի» և «էրեբունի» բժշկական կենտրոնների գլխավոր տնօրենն է, շտաբն էլ գտնվում է «էրեբունի» հիվանդանոցի հարևանությամբ՝ Տիտոգրադյան 14/3 հասցեում։ ՔՊ-ին անհատույց տրված տարածքի մակերեսը 340 քառակուսի մետր է։

Էրեբունիում «Քաղաքացիական պայմանագրի» մյուս շտաբը գտնվում է Սասունցի Դավիթ 76/4 հասցեում։ Այն իշխող ուժին անվճար տրամադրել է Արտակ Գևորգյանը։ Նրա եղբայրը՝ Արթուր Գևորգյանը, ներգրավված է Էրեբունիի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանին ու նրա որդուն պատկանող մի շարք ընկերություններում. այսպես՝ Արտակ Գևորգյանի անվամբ է գրանցված Սեդրակյաններին պատկանող «Դռագսման» բետոնի խոշոր արտադրությամբ զբաղվող ընկերության 19 տոկոսը։ Նա նաև բաժնետեր է եղել Մհեր Սեդրակյանի որդուն պատկանող «Բեստ ֆրենդս» ընկերությունում, որը զբաղվում է պեռլիտի փոշու, չոր շաղախների, պլաստամսե խողովակների արտադրությամբ։ Մհեր Սեդրակյանին ու նրա ընտանիքին վերաբերող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործում այս երկու ընկերությունների բաժնեմասերն էլ դատախազությունը 2024-ին համարել է ապօրինի։

Սեդրակյանի որդին՝ Դավիթը, հինգ տարի առաջ՝ այս օրերին, ընդգրկված էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի պատգամավորության ցուցակում։ 2021-ի հոկտեմբերին նա հրաժարվեց մանդատից։

Իշխող ուժին Էրեբունիում անհատույց շտաբ է տրամադրել նաև «Կամուրջ» հանրային սննդի օբյեկտի սեփականատեր Հակոբ Սաֆարյանը։ Այն գտնվում է սննդի կետի հարևանությամբ, ըստ պայմանագրի՝ տարածքն ունի 400 քմ մակերես։ Սաֆարյանի սննդի օբյեկտն անցած տարի հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անցած տարի հաղորդել էր՝ սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով ընկերության գործունեությունը կասեցվել էր, բայց տնտեսվարողը, չվերացնելով խախտումները ու անտեսելով կասեցման որոշումը, շարունակել էր աշխատել։ Ընկերության նկատմամբ կիրառվել էր վարչական տույժ։ Հակոբ Սաֆարյանի անունը ևս մեկ անգամ մամուլում հայտնվեց 2022-ին, երբ պարզվեց, որ նրան պատկանող Bentley Continental մակնիշի մեքենան Երևանի Տիգրան Մեծի փողոցից գողացել էին։

Կենտրոն. անհատույց տարածք՝ Երևանի սրտում

Կենտրոնում ՔՊ-ին անվճար տրամադրված տարածքներից մեկը գտնվում է Բրյուսովի փողոցում. այն կուսակցությանն է տրամադրել Վարազդատ Ղիմոյանը։ Վերջինիս հայրը՝ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության ու հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը, անցած տարի կալանավորվեց։

Նա մեղադրվում էր ծառայողական լիազորություններն ու ազդեցությունն օգտագործելով՝ մանր ու միջին չափի կաշառք ստանալու մեջ։ Ըստ իրավապահների՝ մի դեպքում Ղիմոյանը ստացել էր 1.3 մլն դրամի կաշառք, մեկ այլ դեպքում՝ 400 000-ի։ Ղիմոյանին այս գործով նախ կալանավորեցին, ապա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի և 7 մլն դրամ գրավի, իսկ այժմ նրա նկատմամբ կիրառվել է միայն վարչական հսկողություն։ Այս գործի շրջանակներում ձերբակալվել էին քաղաքապետարանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս, դատաքննությունը շարունակվում է։

Ղիմոյանի կողմից ՔՊ-ին անհատույց տրամադրված տարածքը 66 քմ է, այն ծառայել է որպես առևտրի սրահ։

Երևանի կենտրոնի ամենաթանկ հատվածներից մեկում՝ Կասկադում, անհատույց օգտագործմամբ ՔՊ-ին է անցել 177 քմ տարածք Թամանյան 6 հասցեում։ Տարածքը իշխող կուսակցությանը հատկացրել է ռուսաստանաբնակ գործարար Արգամ Վերդյանի կինը՝ Աննա Գևորգյանը։ Արգամ Վերդյանը մի քանի ընկերություններ ունի Մոսկվայում, նաև «Օգնություն տարեցներին» բարեգործական հիմնադրամի տնօրենն է, որն օգնություն է հասցնում կարիքավոր ծերերին։ Ըստ որոշ տվյալների՝ հիմնադրամը մասամբ ֆինանսավորվում է Վերդյանի անձնական միջոցներից։ Ի դեպ, 2014-ի դրությամբ Վերդյանը Արա Աբրահամյանի կողմից ղեկավարվող Հայերի միության անդամներից է եղել, Վերդյանը ՀՀ-ում ընկերություններ չունի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն