l-0x103wh-1600x933z-0-4913

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախաձեռնությունը բխում է Հայաստանի կառավարության կողմից կրթությանը տրվող ռազմավարական նշանակությունից, ինչպես նաև միջազգային հարթակներում Հայաստանի կողմից առաջմղվող դրական և ապագային միտված օրակարգից` ուղղված միջազգային և տարածաշրջանային խաղաղության խթանմանը, կայուն զարգացման առաջմղմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:

Հայաստանի նախաձեռնած և հիմնական համահեղինակների` Ֆրանսիայի, Չիլիի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Նեպալի հետ համատեղ ներկայացված բանաձևը համահեղինակել են ՄԱԿ-ի բոլոր տարածաշրջանային խմբերից շուրջ 100 անդամ պետություններ, ինչը վկայում է Հայաստանի նախաձեռնությանը միջազգային հանրության հաստատակամ և լայն աջակցության մասին։

«Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի ընդունմամբ ՄԱԿ-ը վերահաստատում է բոլորի համար մատչելի, անվտանգ, ներառական և որակյալ կրթության իրավունքի երաշխավորման հանձնառությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով զինված հակամարտություններից, հումանիտար և այլ ճգնաժամերից տուժած երեխաներին, ներառյալ` փախստականներին։ Բանաձևով ճանաչվում է կրթության դերն արդարացի, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցման և խաղաղության մշակույթի առաջմղման գործում։

ՄԱԿ անդամ պետություններին կոչ է արվում ապահովել կրթություն, որը հիմնված է խաղաղության մշակույթի վրա: Խրախուսվում է կրթության առաջմղումը` հակամարտությունների հիմնարար պատճառները վեր հանելու, փոխադարձ վստահությանը նպաստելու և հասարակական համերաշխությունն ամրապնդելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն