«Քաղաքացիական պայմանագրի» տնտեսական խոստումները՝ թվերով եվ իրականում. ի՞նչ է փոխվել 5 տարում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային Ժողովի` 2021 թ. արտահերթ ընտրություններին խոստացել էր գործազրկության և աղքատության մակարդակի նվազեցում, կենսաթոշակի և աշխատավարձերի բարձրացում և համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճ։

Ի՞նչն է կատարվել այս տարիների ընթացքում, ի՞նչն է մնացել թղթի վրա, կատարված ո՞ր խոստումներն են իսկապես ազդել երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։

«Ինֆոքոմն» ուսումնասիրել և վերլուծել է 2021-2026 թթ. պաշտոնական տվյալները և տնտեսագետների հետ միասին փորձել հասկանալ՝ որն է իրական վիճակը թվերի հետևում։

2021թ. տնտեսական խոստումները. ի՞նչն է կատարվել

2021 թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ծրագրում խոստացել էր բարելավել տնտեսական ցուցանիշները, մեծացնել պետական պարտքի կառավարման արդյունավետությունը և խթանել ներդրումները ենթակառուցվածքների ոլորտում, բարձրացնել միջին և նվազագույն աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները։

Կուսակցությունն, օրինակ, խոստացել էր ՀՆԱ-ի տարեկան միջին աճը դարձնել նվազագույնը 7%, իսկ բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9%։ 

Ի՞նչ է ՀՆԱ-ն

ՀՆԱ-ն երկրի տնտեսական աճը նկարագրող ցուցանիշ է, որը որոշակի ժամանակահատվածում (սովորաբար՝ մեկ տարում) տվյալ երկրի տարածքում արտադրված բոլոր վերջնական ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքն է։ Այն երկրի տնտեսության ծավալը, հզորությունը և ընդհանուր վիճակը գնահատող հիմնական ցուցանիշն է: Ինչքան բարձր է, այնքան լավ է: 

Այս խոստումը տեսականորեն կատարվել է. ՀՆԱ-ն 2021-2025թթ. տարեկան միջինում աճել է 8%-ով։ 

Նվազագույն կենսաթոշակը դառնալու էր 37 000 դրամ. խոստումը փաստացի կատարվել է․ նվազագույն թոշակն այսօր 46 000 դրամ է։

Նախընտրական ծրագրով միջին աշխատավարձը պետք է դառնար 300 000 դրամ. վերջին տվյալներով այն 307 574 դրամ է։ Խոստումը կատարվել է։

Չի կատարվել նվազագույն աշխատավարձի բարձրացման խոստումը. այն պետք է դառնար 85 000 դրամ, սակայն 75 000 դրամ է։

Աղքատության մակարդակը կրկնակի չի նվազել, ինչպես խոսք էր տրվել. ընդամենը նվազել է մոտ 5%-ով։

Ի՞նչ է թաքնված այս կատարված և չկատարված խոստումների հետևում։

Եկեք պարզենք։

ՀՆԱ. իրակա՞ն, թե՞ էպիզոդիկ աճ

Ինչպես նշեցինք, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021-2025 թթ. Հայաստանի ՀՆԱ-ն տարեկան միջինում աճել է 8%-ով։ Սակայն տնտեսագետների գնահատմամբ՝ այդ աճից մոտ 3%-ը Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքն է՝ պայմանավորված կապիտալի, ՏՏ ոլորտի մասնագետների հոսքով և վերաարտահանմամբ։

«Լավ տնտեսական զարգացումը ենթադրում է ոլորտների համաչափ աճ, որտեղ մի ոլորտի աճը պայմանավորված է մյուսով, – ասում է տնտեսագետ-քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, ապա հավելում․ – հիմա մեր տնտեսությունն ավելի շատ նայում է օտարերկրյա, համաշխարհային շուկաներին, դե ֆակտո ձևավորվել է ինչ-որ առանձին, հատվածական տնտեսություն»։

ՀՆԱ ցուցանիշի բարձացումը, ըստ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի, պայմանավորված է նաև ռուս ռելոկանտների (մարդ, որն իր աշխատանքը կամ բնակությունը մի երկրից տեղափոխում է մեկ այլ երկիր՝ սովորաբար քաղաքական կամ տնտեսական պատճառներով,- հեղ.) մեծ հոսքով։

«Ռելոկանտներն իրենց հետ բերեցին 5 միլիարդ դոլարից ավելի գումար, ինչը կազմում է Հայաստանի 2022 թ․ համախառն ներքին արդյունքի քառորդը։ Այսինքն՝ բավական մեծ գումարներ են եկել Հայաստանի Հանրապետություն, և, դրանով պայմանավորված, նաև ազգային արժույթը` դրամը, արժևորվել է 20%-ով ավելի»,- ասում է Թ. Մանասերյանը։

Ըստ նրա՝  ՀՆԱ աճը կայուն և երկարաժամկետ չի կարելի համարել, քանի որ տնտեսական կայուն աճ ապահովելու համար պետությունը ինքը պետք է պետական բյուջեից կատարվող ծախսերի մեջ նախատեսի կապիտալ՝
«ապագային ուղղված» ծախսեր։

Բացի այդ՝ տնտեսությունը խոցելի է. երբ արտաքին ազդեցությունը թուլանում է, արտահանումն ու ներմուծումը միանգամից անկում են ապրում։

«Երբ, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված վերաարտահանումը կրճատվեց, անցած տարի մենք արդեն ունեցանք 36% անկում արտահանման մեջ, և ներմուծումը նույնպես 21%-ով անկում ապրեց։ Սա նշանակում է, որ Հայաստանում տնտեսական աճն ավելի շատ պայմանավորված է էպիզոդիկ երևույթներով և ոչ թե կառուցվածքային բարեփոխումներով, որոնք կարող են նպաստել հեռանկարային զարգացմանը»։

Պետական պարտք. ՀՀ ամեն քաղաքացի մոտ 4600$ պարտք ունի

ՀՆԱ մասին տվյալները վերլուծելիս և իրական աճը հասկանալու համար կարևոր է հաշվի առնել պետական պարտքը և դրա հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ։ 

Ի՞նչ է պետական պարտքը

Պետական պարտքն այն բոլոր պարտքերի ընդհանուր գումարն է, որոնք պետությունը վերցնում է երկրի ներսից կամ արտասահմանից՝ բյուջեի պակասող փողը (դեֆիցիտը) լրացնելու համար։ 

2026թ մարտի 31-ի դրությամբ պետական պարտքը 14․5 մլրդ ԱՄՆ դոլար է. պարզ ասած՝ ՀՀ ամեն քաղաքացի այս պահին «պարտք է» մոտ 4600$։

2021-2026թթ. ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունը նվազել է 11․2%-ով՝  60.2%-ից դառնալով 49% (ինչքան տոկոսը ցածր է, այնքան լավ է,- հեղ.)։ 

Սակայն, ըստ տնտեսագետների, նվազումը կարճաժամկետ երևույթ է և պայմանավորված է դրամի արժևորմամբ. դոլարային պարտքը դրամային ՀՆԱ-ի նկատմամբ փոքր է երևում։

«Արտաքին պարտքը, ըստ էության, 20% ավելի էժանանում է, այսինքն՝ միանգամից պետական պարտքի բեռը նվազում է։ Եթե, օրինակ, դրամն այդքան չարժևորվեր, ապա պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունն էլի նույնը կմնար` մոտավորապես 60%, 57%»,-  պարզաբանում է Հ. Միքայելյանը։

Տնտեսությունն աճում է, գործազրկությունը մնում է 12-13%-ի սահմաններում

2021 թ. գործազրկությունը պաշտոնական տվյալնեով եղել է 15.5%։ «Քաղաքացիական պայմանագիրը» խոստացել էր այս ցուցանիշը դարձնել 10%-ից ցածր։ Մինչդեռ վերջին տվյալներով Հայաստանում գործազրկությունը 12.8% է։

Տնտեսագետ Թ. Մանասերյանն ասում է, որ պաշտոնական ցուցանիշը կարող է իրական պատկերն ամբողջությամբ չարտահայտել, քանի որ Հայաստանում կա նաև ստվերային գործազրկություն։ Օրինակ, կան գյուղացիներ, որոնք համարվում են զբաղված, քանի որ հող ունեն, սակայն նրանցից ոչ բոլորն են կարողանում այդ հողը մշակել և կայուն եկամուտ ստանալ։

«Կա մի կարևոր ցուցանիշ, որն ավելի խոսուն է և, դրանով պայմանավորված, բնորոշում է տնտեսության իրական վիճակը․ դա աղքատության մակարդակն է։ Չի կարող լինել տնտեսական աճ և աղքատության աճ»։

Աղքատության մակարդակը կրկնակի չի նվազել

2021-ին «Քաղաքացիական պայմանագիրը» խոստացել էր 2 անգամ նվազեցնել աղքատությունը, սակայն միջին շեմի աղքատությունը (ամսական ծախսում են ընդհանուր մոտ 53 420 դրամ-, հեղ.) նվազել է ընդամնենը 4․8%-ով՝ 26․5%-ից դառնալով 21.7%։ 

Պաշտոնական վերջին տվյայլներով Հայաստանում ծայրահեղ աղքատ է (ամսական ծախսում է մինչև մոտ 30 000 դրամ) բնակչության 0․6%-ը։

«Եթե տնտեսությունը աճում է, պետք է աճեն նաև բնակչության եկամուտները։ Եթե բնակչության եկամուտները աճում են, նոր մարդիկ են մտնում աշխատանքի, և զբաղվածությունը բարձրանում է։ Աղքատները, որ նախկինում աշխատանք չունեին, ստանում են եկամուտներ, և աղքատությունը զբաղվածության ավելացման հաշվին կրճատվում է»,- ասում է Թ․ Մանասերյանը։

Տնտեսագետը նշում է, որ մարդիկ աշխատում են, բայց ստացած եկամուտը չի բավարարում աղքատության շեմից դուրս գալուն և պարենային նվազագույն զամբյուղի մակարդակին, ինչը իր հերթին ավելացնում է աղքատությունը:

Նվազագույն կենսաթոշակը 1300 դրամով է ավելի նվազագույն պարենային զամբյուղից

Նվազագույն պարենային զամբյուղը սննդամթերքների այն նվազագույն քանակն է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմի բնականոն գործունեության համար (հաց, միս, կաթնամթերք, բանջարեղեն և այլն): Այն ցույց է տալիս, թե որքան գումար է պետք մեկ ամսում միայն սնվելու համար։

2021-2025 թթ. նվազագույն պարենային զամբյուղը թանկացել է 24%-ով՝  դառնալով 44 676 դրամ։

2026 թ. Ազգային Ժողովի նախընտրական քարոզարշավից մեկ ամիս առաջ՝ ապրիլի 1-ից, կենսաթոշակները բարձրացել են 10 000 ՀՀ դրամով՝ ամսական կազմելով նվազագույնը մոտ 46 000 ՀՀ դրամ։ 

Եթե նվազագույն թոշակ ստացողը գնի նվազագույն պարենային զամբյուղում ներառված մթերքը, ապա կոմունալների, հագուտի, տրանսպորտի և այլ ծախսերի համար նրա մոտ կմնա ընդամենը 1300 ՀՀ դրամ։ 

Նա չի կարող նաև իրեն թույլ տալ ունենալ ամսական նվազագույն սպառողական զամբյուղը, քանի որ, ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների, նվազագույն սպառողական զամբյուղը 82 652 դրամ է (նույնպես թանկացել է 24%-ով,- հեղ.)՝ մոտ 2 անգամ ավելի, քան նվազագույն թոշակն է։

Ի՞նչ է նվազագույն սպառողական զամբյուղը

Նվազագույն սպառողական զամբյուղն (ՆԱԶ) այն ամենն է, ինչ մարդուն անհրաժեշտ է ամսական կտրվածքով՝ ապրելու, առողջությունը պահպանելու և տարրական կարիքները հոգալու համար։ ՆՍԶ-ը ներառում է 3 հիմնական խումբ՝ 

  • պարենային (հացամթերք, մսամթերք, կաթնամթերք, ձկնամթերք, միրգ, բանջարեղեն, ոչ ալկոհոլային խմիչքներ),
  • ոչ պարենային ապրանքներ (հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ, անձնական հիգիենայի միջոցներ, դեղորայք, կենցաղային տեխնիկա և կահույք ),
  • ծառայություններ (կոմունալ, տրանսպորտային ծախսեր, առողջապահական ծառայություններ, կապ և հեռահաղորդակցություն)։

 

Տնտեսագետ Հ. Միքայելյանը պարզաբանում է, որ նվազագույն թոշակի բարձրացումը զուտ ինդեքսավորել է գնաճը (բարձրացել է գնաճին համարժեք,- հեղ.), և թոշակառուների գնողունակությունը մնացել է գրեթե 2015 թ. մակարդակին։

«Իրականում դա գրեթե ուղիղ ծածկում է այդ գնաճը։ Եթե մենք, օրինակ, 2015 թ. հետ համեմատենք, երբ տեղի է ունեցել թոշակի վերջին էական բարձրացումը, ապա կտեսնենք, որ նույնիսկ 2026 թ, սկզբին իրական, համադրելի գներով գնաճ-թոշակի ծավալը եղել է ավելի փոքր, քան 2015 թվականինը»։

Նվազագույն աշխատավարձը չի բավարարում նվազագույն սպառողական զամբյուղին

Նվազագույն սպառողական զամբյուղ ունենալ իրենց թույլ տալ չեն կարող նաև նվազագույն աշխատավարձ ստացողները. զամբյուղը մոտ 8000 դրամով ավելին է նվազագույն աշխատավարձից (75 000 դրամ է)։

«Եկամուտները չեն հասնում պարենային նվազագույն զամբյուղի մակարդակին, ինչն իր հերթին ավելացնում է աղքատությունը»,- ասում է Թ. Մանասերյանը։

Միջին աշխատավարձն աճել է, գները՝ թանկացել

2021թ. «Քաղաքացիական պայմանագիրն» իր նախընտրական ծրագրում նշել էր, որ միջին աշխատավարձը 190 000-ից կդարձնի 300 000 ՀՀ դրամ։ Պաշտոնական տվյալներով՝  2026թ. առաջին եռամասյակում միջին աշխատավարձը 307 574 դրամ է։ Խոստումը փաստացի կատարվել է, սակայն տնտեսագետներն ասում են, որ միջին աշխատավարձը արհեստականորեն բարձր է երևում ՏՏ ոլորտի և պետական կառավարման համակարգի բարձր աշխատավարձերի հաշվին.

«Չենք կարող ուղղակի արհեստականորեն միջինացնել նրանց, ովքեր ստանում են միլիոններով եկամուտներ, և նրանց, ովքեր ստանում են ընդամենը նվազագույն աշխատավարձ»։

Թեև 2021-2026 թթ․ ամսական միջին աշխատավարձն աճել է մոտ 48%-ով, սակայն գնաճն այդ ընթացքում կազմել է մոտ 21.1%։ 

Այսինքն, գնաճի ազդեցությունը հաշվի առնելով, միջին աշխատավարձի իրական աճը կրկնակի քիչ է՝ մոտ 22.7%։

Տնտեսագետ Թ. Մանասերյանն ասում է, որ Հայաստանում տնտեսությունն իրականում զարգանում է տարերայնորեն, և զարգացման հստակ ծրագիր չկա։

«Չկա տեսլական, նպատակ՝ ինչպիսի տնտեսություն ենք մենք ուզում կառուցել։ Չկա տնտեսական քաղաքականություն, չկա ՀՆԱ-ի հստակ կառուցվածք։ Տարեցտարի համախառն ներքին արդյունքի կառուցվածքը կարող է փոփոխվել՝ տարբեր հանգամանքներից ելնելով` ներքին գործոններ, արտաքին գործոններ։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը տնտեսական անվտանգության տեսանկյունից բավական խոցելի երկիր է»։

Հեղինակներ՝

Աննա Ասլանյան
Էրիկ Գալստյան


Մենթոր-խմբագիր՝

Տաթև Խաչատրյան