«Հանրայինի» լրատվական ալիքի բալանսավորված և բալանսավորման լուսաբանումը նախընտրական շրջանում
Ռուզաննա Հովհաննիսյան
2 ժամ․ հենց այսքան տևեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին վերաբերող տեսանյութերը «Հանրային» հեռուստաընկերության լրատվական ալիքում նախընտրական քարոզարշավի առաջին 20 օրերին։ Այս 2 ժամից 1 ժամ, 39 րոպե և 15 վայրկյանը նվիրված էր Նիկոլ Փաշինյանի ելույթներին։ Համեմատության համար նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսացկության նախընտրական քարոզարշավին վերաբերող նյութերը միասին տևել են 1 ժամ, 45 րոպե` այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան միայն Նիկոլ Փաշինյանի ելույթներն են։
Նախընտրական քարոզարշավի առաջին 20 օրն ու «Հանրային» հեռուստաընկերության լրատվական ալիքը
Մեր ուսումնասիրած ժամանակահատվածում «Հանրայինի» լրատվական ալիքում հրապարակավել է նախընտրական քարոզարշավին վերաբերող 74 տեսանյութ՝ ռեպորտաժ կամ ելույթ։ Այդ տեսանյութերից 14-ը կամ մոտ 19%-ը «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության քարոզարշավից են, մինչդեռ գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է ևս 17 քաղաքական ուժ։
Ստորև կարող եք տեսնել, թե ընտրություններին մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի նախընտրական քարոզարշավից քանի տեսանյութ է հրապարակել լրատվամիջոցը։
Ինչպես երևում է, քաղաքական 6 ուժի նախընտրական քարոզարշավից հրապարակվել է ընդամենը մեկական տեսանյութ։
Այս 74 տեսանյութերի ընդհանուր տևողությունը մոտ 5 ժամ 52 րոպե է, որից 2 ժամ 1 րոպեն կամ 34.44%-ը՝ ՔՊ նախընտրական քարոզարշավից։
Ստորև կարող եք տեսնել ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերի նախընտրական քարոզարշավներին վերաբերող տեսանյութերի տևողությունների բաշխվածությունը։
Ուսումնասիրված ժամանակահատվածում նախընտրական տեսանյութերի ելույթները (կա՛մ ռեպորտաժներում, կա՛մ առանձին հրապարակված) միասին տևել են մոտ 3 ժամ 55 րոպե, որից 1 ժամ 39 րոպեն կամ 42.26%-ը միայն նիկոլ Փաշինյանի ելույթներն են (որը ՔՊ-ի միակ ելույթ ունեցողն է լրատվամիջոցի տեսանյութերում)։
Ստորև կարող եք տեսնել ելույթների տևողությունների բաշխվածությունն՝ ըստ քաղաքկան 18 ուժերի։ Ինչպես երևում է, «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչներից չկա որևէ ելույթ։
Այն, ինչ դուրս մնաց հաշվարկից
ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի լուսաբանման հաշվարկից դուրք ենք թողել Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի և ասուլիսի ուղիղ հեռարձակումները, ինչպես նաև ասուլիսի մասին մեկ ռեպորտաժ (ընդհանուր՝ 2 ժամ, 35 րոպե)։ Հաշվարկից այս տեսանյութերի բացառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի թեկնածու լինելուց բացի, Հայաստանի գործող վարչապետն է, և նրա ճեպազրույցներն ու ասուլիսները կարող էին լուսաբանման առումով հետաքրքրություն ներկայացնել այս կամ այն լրատվամիջոցի համար՝ պայմանավորված նրա պաշտոնական գործունեությամբ։
Նույն տրամաբանությամբ ընդհանուր հաշվարկից դուրս ենք թողել նաև «Հանրայինի» լրատվական ալիքի այն ռեպորտաժները, որոնք անդրադառնում են տեղեկություններին, թե դիմակավորված անձինք սպառնում են Նիկոլ Փաշինյանին (ընդհանուր՝ 25 րոպե)։ Խոսքը հետևյալ ռեպորտաժների մասին է․
Ընդհանուր հաշվարկում չենք ներառել ևս 4 տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն անդրադառնում են ընդդիմադիրների հնչեցրած մի քանի հայտարարությունների՝ հերքելով դրանք (ընդհանուր՝ մոտ 12 րոպե): Այդ տեսանյութերին ծանոթացեք ստորև․
Մեկ այլ ռեպորտաժում լրատվամիջոցն անդրադառնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուղուն՝ նշելով, թե կուսակցությունը բացվել է Ռոբերտ Քոչարյանի պնդմամբ, ինչպես նաև խոսելով «Բարգավաճ Հայաստանի» և Հայաստանի հանրապետական կուսակցության համարգործակցության մասին (մոտ 12 րոպե):
Մենք զերծ կմնանք վերջին երկու ռեպորտաժների բովանդակությանը որևէ գնահատական տալուց, սակայն կարևոր է արձանագրել, որ կառավարող ՔՊ կուսակցության մասին նման շեշտադրումով նյութեր լրատվամիջոցը մեր ուսումնասիրված ժամանակահատվածում չի հրապարակել։
Ամփոփելով՝ «Հանրային» հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից՝ Հայաստանի քաղաքացիների վճարած հարկերից, և պարտավոր է սպասարկել հանրության բոլոր շերտերի շահերը։ Մինչդեռ մեր հավաքագրած և ուսումնասիրած տվյալները հստակ ցույց են տալիս, որ նախընտրական քարոզարշավի առաջին 20 օրերին «Հանրայինի» լրատվական ալիքն իրականացրել է կողմնապահ լուսաբանում՝ հօգուտ կառավարող կուսակցության։