l-0x0wh-786x458z-1-35

Չի՛ կարելի նկարել քվեաթերթիկը և խախտել քվեարկության գաղտնիությունը. ԿԸՀ նախագահը ևս մեկ անգամ պարզաբանեց ընտրական կարգը | 1lurer.am

1lurer.am Մեր Իրավիճակային կենտրոնը, այդ թվում՝ մամուլում հրապարակվող բոլոր ահազանգերով ու խնդիրներով զբաղվում է: Այդ մասին ուղիղ եթերում, ներկայացնելով ԱԺ ընտրությունների ընթացքը, տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Բոլոր ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ում քվեարկության ժամանակ գործում է Իրավիճակային կենտրոնը, որը բոլոր ահազանգերի, մամուլի հրապարակումների հետքերով գնում է, ու մենք խնդիրները արագ կարգավորում ենք: Այսինքն՝ չի կարող չլինել խնդիր, որը չլուծվի:

Կան, օրինակ՝ տեխնիկական խնդիրներ, մի քանի տեղամասերից ահազանգեր ենք ստացել ցուցակների հետ կապված, սակայն բոլոր խնդիրներին լուծում տալիս ենք»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է քվեաթերթիկները լուսանկարահանելուն, ասաց՝ չի հասկանում դրանք լուսանկարահանելու ձգտումը:

ԿԸՀ նախագահը քաղաքացիներին հիշեցրեց ընտրական կարգը:

«Հարգելի՛ քաղաքացիներ, դուք մտնում եք տեղամաս, մոտենում եք տեխնիկական սարքի աշխատողին, ներկայացնում եք ձեր անձը հաստատող փաստաթուղթ, որը մուտք է արվում սարքի մեջ, այնուհետև տրամադրում եք ձեր մատնահետքը: Դրանից հետո սարքը տպում է կտրոնը և անձը հաստատող փաստաթղթի հետ վերադարձվում է ընտրողին:

Ընտրողը մոտենում է ընտրողների ցուցակը սպասարկողին, գտնում են ընտրողի տվյալները, ընտրողը ստորագրում է, այնուհետև ընտրողի ստորագրության կողքը ընտրական հանձնաժողովի անդամը անհատական կնիքով կնքում է:

Այնուհետև ընտրողը մոտենում է քվեաթերթիկներ տրամադրող հանձնաժողովի անդամին, որը տրամադրում է թվով 18 քվեաթերթիկ, որոնցից բացակայում  է 13 համարի քվեաթերթիկը և մեկ ծրար: Ընտրողը այս 18 քվեաթերթիկով մոտենում է քվեախցիկին, առանց ծալելու որևէ մեկը դնում է ծրարի մեջ, մնացածը թողնում է տեղում՝ քվեախցում հատուկ գրպանիկ կա ավելորդ քվեաթերթիկների համար:

Ապա հանձնաժողովի անդամը առանց ծրարը ընտրողի ձեռքից վերցնելու ծրարի կտրվածքի վրա փակցնում է դրոշմանիշ, որից հետո հնարավորություն է տալիս, որպեսզի ընտրողը քվեաթերթիկը գցի քվեատուփը»,- պարզաբանեց նա:

Հովակիմյանը «անհեթեթություն» որակեց քվեաթերթիկը նկարելու պրոցեսը:

«Չի՛ կարելի ոչ նկարել, ո՛չ քվեարկության գաղտնիությունը որևէ կերպ խախտել, որովհետև քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն»,- հավելեց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն