Քվեարկություն կատարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
Լրագրողների հետ զրույցում, խոսելով իրենց ուժի հետ կապված սպասելիքների մասին, Մարուքյանը նշեց․ «Ակնկալիքս այն է, որ քաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը, պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան Հայաստանի խորհրդարան»։
Նա հավելեց՝ սպասելիքներ ունի ոչ միայն իրենց ուժի հետ կապված․ «Ակնկալիքներս կապված են ՀՀ-ում ցնցումներից զերծ, հանգիստ, հանդարտ, նորմալ կյանքի վերադարձի հետ։ Ուզում եմ ասել, որ բարձր մասնակցությունը, որ մենք այս պահին արձանագրում ենք, հերթերը (ամբողջ Հանրապետությունով են հիմա հերթեր), նշանակում է, որ քարոզարշավով քաղաքական ուժերին հաջողվել է ակտիվացնել ժողովրդին, մարդկանց բերել ընտրական տեղամաս»։
Հարցին, թե հետընտրական ինչ գործընթացների են պատրաստ մասնակցել ընտրության արդյունքների օբյեկտիվությունը կասկածի տակ դնելու դեպքում, Մարուքյանը պատասխանեց՝ կհայտարարեն, որ Հայաստանում ձևավորվել է ոչ լեգիտիմ իշխանություն, ապա հավելեց՝ լավատես է ու կարծում է՝ բանը դրան չի հասնելու։
Մարուքյանը բացառեց, որ ՔՊ-ի հետ կքննարկեն միասին իշխանություն ձևավորելու հարցը։