«Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դաշինքի դիտորդներն այսօր այցելել են 1420 ընտրական տեղամաս։ Նա ներկայացրեց դիտարկված տեղամասերում խախտումների տեսակները, և թե ում կողմից են եղել դրանք։
«Տեղամասերի 41%-ը գնահատվել է որպես ոչ մատչելի։ Խախտումներ նկատվել են 387 տեղամասում կամ 27%-ում։ Դիտարկված տեղամասերի մոտ 5․5% խախտումներն ընթացակարգային էին, ոչ շատ էական։ Մոտ 4․5%-ում խախտումները գաղտնիության հետ կապված էին, մոտ 4%-ում՝ վերահսկողության դրսևորումներ, որոնք չէին հասնում գաղտնիության խախտմանը, և բանավեճի նման մի բան՝ տեղամասերի 1․8%-ում։ Խախտումների մոտ 20%-ը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից էին արվում, մոտ 20%-ը՝ վստահված անձանց կողմից։ Կուսակցությունների մասով բաշխումը մոտավորապես հետևյալն է․ 41%՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ, 26%՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ»,- ասաց նա։
Իոաննիսյանը տեղեկացրեց, որ էլեկտրոնային գրանցման սարքերը որոշ տեղամասերում կտրոնները խոտանով են տալիս, երբեմն՝ ճմռթված, և դա խնդիրներ է առաջացնում։
«Որոշ տեղամասերում էլեկտրոնային գրանցման սարքերի վրա տպված համարը չի համապատասխանում ընտրողների թղթային ցուցակում ընտրողի համարին, ինչը լրացուցիչ անհարմարություն է պատճառում ընտրական հանձնաժողովին, դանդաղեցնում է պրոցեսը, որովհետև հանձնաժողովի անդամը պետք է ձեռքով գտնի, թե ընտրողը որտեղ է ցուցակում։ 9/51 տեղամասում սա հանգեցրել է քվեարկության գործընթացի կանգնեցմանը 40 րոպեով՝ առավոտյան մինչև 8։40, ինչը խնդրահարույց է, որովհետև ինքնին սա այնպիսի խնդիր չէ, որ պետք է ընտրությունը կանգներ։ Եղել են եզակի ընտրողներ, որոնք այդ ընթացքում նաև չեն սպասել և գնացել են»,- նշեց նա։
Նա նաև հայտնեց, որ նկատվում են հերթերի հետ կապված խնդիրներ․ «Երբեմն դրանք ոչ այնքան կուտակում են, ինչքան ուղղակի ընտրողների հերթեր են, և մենք հիմա վիճակագրական վերլուծություն ենք անում, որպեսզի հասկանանք՝ որքանով են այդ հերթերը բնականոն երևույթների արդյունք, որքանով՝ ընտրողներին արհեստական բերելու արդյունք»։
Իոաննիսյանի խոսքով՝ բավականին հաճախ տեղամասերում նկատվում են քարոզչանյութեր, որոնք վստահված անձինք են կրում՝ շապիկներ, գլխարկներ, կրծքանշաններ․ «Կրկին հիմնականում նույն երկու ուժերի մասին է խոսքը («Ուժեղ Հայաստան» և ՔՊ,- խմբ․)։ Երբ խոսքը կրծքանշանի մասին է, մեր դիտորդները պահանջում են, որ հանձնաժողովի նախագահը միջամտի, և դա հեռացվի, որպես կանոն՝ հեռացվում է։ Երբ որ խոսքը հագուստի մասին է, պահանջում են, որ անձը դուրս գա տեղամասից, երբ խոսքը գլխարկի մասին է, գլխարկը հանի։ Հիմնականում դա հեշտ լուծվում է, բայց լինում են դեպքեր, որ հեշտ չի լուծվում խնդիրը»։
Իոաննիսյանի նաև հայտնեց՝ նկատել են, որ դիտորդական առաքելության համար չհավատարմագրված և կուսակցություններից մեկի հետ աֆիլյացիա ունեցող «Հայաքվե» նախաձեռնությունը հայտնում է բազմաթիվ խախտումների մասին։
«Հասկանալի չէ, թե որն է այդ խախտումների համար իրենց տեղեկատվության աղբյուրը, և եթե կա դիտորդական առաքելություն, որը ծպտյալ «Հայաքվեն» է, պետք է դա հասկանալ անաչառության մասով»,- ասաց նա։
Իոաննիսյանը նաև նշեց՝ իրենք նկատվում են ռուսաստանյան տեղեկատվական մի շարք աղբյուրներում կեղծ լուրերի տարածում։
«Օրինակ՝ կեղծ լուրեր այն մասին, որ մահացած մարդկանց քվեարկություն կա, այնպիսի բաներ, որոնք այս երկրում շատ վաղուց չկան։ ․․․․ Որոշ տելեգրամյան ալիքների մասով մենք դիմել ենք ԿԸՀ, որովհետև առավել խնդրահարույց են նրանց տարածած տեղեկությունները»,- հայտնեց նա։
Իոաննիսյանի խոսքով՝ ևս մի աննախադեպ բան են արձանագրել․ ԱՊՀ դիտորդներից մեկն ուղիղ քարոզչություն է իրականացնում իր ֆեյսբուքյան էջում․ «ԱՊՀ դիտորդի այդ պահվածքը մենք արդեն ներկայացրել ենք ԿԸՀ՝ պահանջելով նրան զրկել դիտորդական հավատարմագրումից։ ․․․․ ԱՊՀ առաքելությունը և «Հայաքվե» նախաձեռնությունն այս առումով խնդրահարույց են նաև այն ձայնագրության լույսի ներքո, որը օրերս հրապարակվել էր, և որտեղ «Հայաքվեի» ղեկավար անձանցից մեկը քննարկում էր Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրությունների միջամտության մեխանիզմները, և այդ կոնտեքստում քննարկվում էին նաև ԱՊՀ դիտորդները։ Եվ այստեղ մենք տեսնում ենք նաև տրամաբանական ինչ-որ կապ»։
Հիշեցնենք՝ Իոաննիսյանի նշած տեսանյութը տարածել էր «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը։ Թեմային անդրադարձել էր «Հայաքվե» նախաձեռնությունը՝ նշելով․
««Բաղրամյան 26» տխրահռչակ տելեգրամյան ալիքն այսօր տարածել է ամբողջովին կեղծ և արհեստականորեն գեներացված մի ձայնագրություն, որում իբր լսվում է «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ձայնը:
Իշխանության սպասարկուների կողմից հերթական այս բանսարկությունը նպատակ ունի արատավորելու Չալաբյանի բարի համբավը և ներազդելու ընտրողի ազատ կամարտահայտման վրա, այն էլ՝ ընտրություններից անմիջապես մեկ օր առաջ, պաշտոնական լռության օրը:
Առաջիկայում Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին՝ պարզելու այս հերթական կեղծիքի աղբյուր»։