Գյումրու 31/33 տեղամասի հանձնաժողովի անդամը չիմացության պատճառով մի շարք կտրոններ չի կնքել, հանձնաժողովի նախագահը արկղից հանել է դրանք, հանձնարարել կնքել և վերադարձրել արկղ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, որ դիտորդական առաքելություն է իրականացնում Գյումրիում, հաղորդագրություններ է տարածել դիտորդների արձանագրած դեպքերի մասին։ Առաքելության հայտարարությունները ներկայացնում ենք ստորև․

«Գյումրու թիվ 31/33 ընտրատեղամասում կատարած դիտարկումների արդյունքում արձանագրվել է ընտրության գաղտնիության իրավունքի խախտում եւ խախտման հետագա ռիսկ։

Մասնավորապես, ընտրատեղամասում տեղադրված քվեախցիկների դիրքավորումը չի ապահովում ընտրողի կամարտահայտության գաղտնիությունը, քանի որ քվեախցիկների հարակից հատվածով անցնող անձինք կարող են տեսանելիորեն ընկալել, թե որ քաղաքական ուժի կամ թեկնածուի օգտին է ընտրողը կատարում քվեարկությունը։ Նման պայմաններում չի ապահովվում ընտրության գաղտնիության սկզբունքի լիարժեք իրականացումը, որը ընտրական իրավունքի հիմնարար երաշխիքներից մեկի կոպիտ խախտում է։

Առաքելության դիտորդը հանձնաժողովի նախագահին բացատրել է խնդիրը, ցույց տվել իր նկարահանումը, սակայն հանձնաժողովի նախագահ Գեւորգ Հրաչի Հարությունյանը մի քանի բացատրությունից ու խորհրդից հետո ակնհայտ դժվարություն է ունեցել ընկալելու խնդիրը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաքելությունը դիմել է ընտրատարածքային հանձնաժողովի նախագահին ներկայացնելով խնդիրը: Թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը նույնպես դժվարություն է ունեցել հասկանալու խնդիրը, պնդել է, որ ոչ մի խնդիր չկա, այլ հնարավորություն չունի տեղամասը: Դա չի համապատասխանում իրականությանը:

Առաքելությունը դիմել է ԿԸՀ, խնդրելով անհապաղ ուսումնասիրել նշված փաստը, հանձնարարել՝ վերացնել կահավորման թերությունը եւ պատասխանատվության ենթարկել տեղամասային եւ ընտրատարածքային հանձնաժողովների նախագահներին անգործության համար:

Ավելի ուշ քվեախցերը վերադասավորվել են, որի արդյունքում ապահովվել է քվեարկության գաղտնիությունը։

Առաքելությունն ակնկալում է ԿԸՀ-ից պատասխանատվության ենթարկել 31-րդ ընտրակատածքային հանձնաժողովի նախագահին եւ 31/33 ընտրատեղամսային հանձնաժողովի նախագահին:

Գյումրում 31/33 հանձնաժողովի անդամներից մեկը, չիմացության պատճառով, մի շարք կտրոններ չի կնքել։ Խախտումը նկատելուց հետո հանձնաժողովի նախագահը արկղից հանել է չկնքված կտրոնները, հանձնարարել է դրանք կնքել, այնուհետև վերադարձրել է արկղ։

Ընտրող տարեց քաղաքացուն ընտրատեղամաս է ուղեկցել նրա դուստրը։ Հանձնաժողովի նախագահին առաջարկվել է քաղաքացիներից որեւէ մեկին ընտրել որպես օգնող անձ եւ սահմանված կարգով գրանցել նրան, քանի որ ընտրողը դժվարանում էր ինքնուրույն քվեարկել։ Սակայն հանձնաժողովի նախագահը որևէ գործողություն չի իրականացրել։ Երկար ժամանակ անց ընտրողը փորձել է ինքնուրույն կատարել քվեարկությունը, իսկ հետագայում դուստրը մոտեցել և օգնել է նրան՝ առանց համապատասխան գրանցման։ Դեպքը որպես խախտում չի արձանագրվել։

Ընտրող Ս․ Կ․ Մադոյանը ներկայացել է ընտրատեղամաս իր եղբոր՝ Մարդոյան Հովհաննեսի անձնագրով։ Ըստ ներկայացված տեղեկության՝ Հովհաննես Մարդոյանը տեսողության խնդիր ունի, կույր է և տնից դուրս չի գալիս։ Ընտրողը հայտնել է, որ անձնագրերը շփոթել է։ Հանձնաժողովի նախագահը հրավիրել է ոստիկանության աշխատակցի, ներկայացրել դեպքը, և ընտրողից վերցվել է համապատասխան կտրոնը։

Հանձնաժողովի անդամ Փափազյան Կարենը ընտրատեղամաս է ներկայացել ուշ՝ ժամը 07:03-ին, իսկ չհրկիզվող պահարանը բացվել է մինչև նրա ներկայանալը։

Ընտրախցիկների տեղակայումը չի ապահովում ընտրության գաղտնիության պատշաճ պահպանումը։ Հանձնաժողովի կողմից խնդրի վերացման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել։

Արձանագրվել է դեպք, երբ քաղաքացին ստորագրել է մեկ այլ անձի փոխարեն։ Դեպքի ականատես է եղել դիտորդը։

Ընտրացուցակի մոտ նստած հանձնաժողովի անդամը տնօրենի հորդորով կազմել է համապատասխան արձանագրություն։

Ընտրողը ծրարի մեջ տեղադրել էր երկու քվեաթերթիկ։ Դրանից հետո քվեաթերթիկների վրա փակցվել է դրոշմանիշը։ Ընտրողը շփոթվել է, և հանձնաժողովի նախագահը թույլատրել է նրան կրկին անցնել քվեարկության ընթացակարգը։ Վերաքվեարկությունն իրականացվել է ներկաների տեսադաշտում, այսինքն եղել է բաց քվեարկություն։

Ալվինա Ոսկանյանը լուսանկարել է իր ընտրած քվեաթերթիկը։ Հանձնաժողովի նախագահը փորձել է կանխել գործողությունը, սակայն լուսանկարն արդեն արված էր։ Ընտրողը պնդել է, որ որևէ տեղ նշված չէ, թե քվեաթերթիկի լուսանկարահանումն արգելված է։

Ընտրատեղամասում ներկա գտնվող անձանց թիվը գերազանցել է օրենքով կամ կարգով սահմանված թույլատրելի քանակը։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է իրավիճակի մասին, սակայն համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել։

ԱԺԲ-ի վստահված անձը, ներկայանալով ընտրական տեղամաս, դրսևորեց ոչ պատշաճ և ոչ հարգալից վարքագիծ։ Որպես վստահված անձ գրանցվելուց հետո նա ընտրական գործընթացի ընթացքում հանդես եկավ ԱԺԲ-ն գովաբանող հայտարարություններով՝ այն ներկայացնելով որպես միակ ճիշտ և ընդունելի քաղաքական ուժ, ինչպես նաև կատարեց նմանատիպ այլ արտահայտություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն