Երեւանի 7/52 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահը ներկաներին հայտարարում է՝ «մյուս կուսակցության կողմից ուտելիքն արդեն հասել է», կարող են մեկ-մեկ մոտենալ, զգուշացնել ու գնալ ուտելու։
Հանձնաժողովի նախագահը՝ Արշակ Ազիկյանը, պատմում է, որ դեռևս 90-ականների վերջերից ինքն ամեն ընտրության ժամանակ ընդգրկված է հանձնաժողովների կազմում։ Այս տարի ընտրողների ակտիվությունը բավականին բարձր է գնահատում։
«Եթե մինչև օրվա վերջ նույն ակտիվությունը լինի, կարելի է ասել, որ ընտրությունները ստազվեցին, այսինքն՝ գոնե 50-60% պիտի գնա ընտրելու, այդ դեպքում կհամարեմ հաջողված, այսինքն՝ ռեալ, օբյեկտիվ, լեգիտիմ»։
Ազիկյանը, սակայն, դժգոհում է սենյակի չափերից ու տարածքից՝ նշելով, որ շատ փոքր է ու անհարմար ընտրական գործընթացը լավ կազմակերպելու համար։
«Մեզ ինչ-որ ննջասենյակ են տվել, ասում են՝ ընտրություն կազմակերպեք։ Նույնիսկ նեղ սեղաններ չկան, որ անցուդարձը չխաթարեին, ստիպված աթոռներ ենք դրել, որ առանձնացվեն։ Անգամ պատուհանները փակող թղթերը ես եմ երեկ գիշեր կպցրել»,- ասում է Ազիկյանը։
«Ինֆոքոմի» թղթակիցը հայտնում է, որ պատուհաններից մեկը բաց է․ սենյակում օդափոխության այլ հնարավորություն չկա։ Սակայն մեծ ցանկության դեպքում դրսից կարելի է տեսնել քվեախցիկի ներսը։
Ազիկյանը, մեկնաբանելով «մյուս կուսակցության կողմից եկող ուտելիքը», ասում է՝ քանի որ սննդի հարցը պաշտոնապես որևէ մեկը չի լուծում, ավանդաբար իշխող և ընդդիմադիր կուսակցություններն են ուղարկում․
«Եթե առաջ «Հանրապետականն» ու «Բարգավաճն» էին, ապա հիմա, տրամաբանական է, ՔՊ-ն ու «Հայաստանը» լինեն։ Ցավալին էն ա, որ մեկինը նոր կերանք, մեկինն էլ հենց նոր ա եկել, ո՞նց ուտենք»․- ասում է հանձնաժողովի նախագահը։
Այս տեղամասում ընտրելու իրավունք ունի 1297 անձ, որոնցից 507-ն արդեն քվեարկել է։