Լիճք գյուղի տեղամասերից մեկում ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստանի» վստահված անձանց միջև միջադեպ է տեղի ունեցել։ «Ուժեղ Հայաստանի» վստահված անձնանցից մեկն ասել է լրագրողին, որ տեղամասից մոտ 200 մետր հեռավորության վրա իրեն ծեծի են ենթարկել։
Լրագրողը հարցրեց տեղամասի հանձնաժողովի նախագահին՝ արդյո՞ք միջադեպը եղել է այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստանի» վստահված անձն ասել է, թե ՔՊ-ից միաժամանակ երեք վստահված անձ կա տեղամասում։ Հանձնաժողովի նախագահն ի պատասխան նշեց՝ այդ պահին քարտուղարն արդեն դուրս էր հրավիրում երրորդ անձին։ Գրանցամատյանում էլ արձանագրություն չեն կազմել, քանի որ, նախագահի խոսքով, միայն խոսակցություն է տեղի ունեցել, իրենք դուրս են հրավիրել․ եթե միջադեպ լիներ, կկազմեին արձանագրություն։
Հանձնաժողովի քարտուղարն էլ հավելեց՝ նույն իրավիճակը եղել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեպքում․ միաժամանակ երեք վստահված անձ է եղել, մեկը դուրս է եկել, մյուսը՝ գրանցվել։
«Ուժեղ Հայաստանի» վստահված անձանցից մեկն էլ (ոչ միջադեպի մասնակիցը) հայտնեց՝ ՔՊ-ի վստահված անձ ներկայացած մարդն առանց գրանցվելու քայլել է տեղամասում, երբ զգուշացրել են գրանցվելու մասին, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, սպառնալիքներով դուրս կանչել «Ուժեղ Հայաստանի» վստահված անձանցից մեկին, որը հետո դուրս է եկել, գնացել խանութ ու մինչ այս պահը չի վերադարձել։
Շտաբից այժմ տեղամասում գտնվող վստահված անձին տեղեկացրել են, որ իր գործընկերոջը ծեծի են ենթարկել։
Գլխավոր նկարում՝ հանձնաժողովի նախագահը