325356

Կան շատ ուսուցիչներ, որոնք մեզ սատարում են ու գալիս մեր միտինգներին․Վահագն Ալեքսանյանը՝ իշխանության կողմից վարչական ռեսուրս օգտագործելու մասին

ՀՀ-ի բոլոր մարզերում, քաղաքներում կան շատ ուսուցիչներ, որոնք մեզ սատարում են ու գալիս մեր միտինգներին։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով իշխանության կողմից վարչական ռեսուրս օգտագործելու մասին հարցին․

«Գուցե էթիկապես ճիշտ չէ կուրսի, կոլեկտիվի չաթերում նման [վարչապետի հանրահավաքին գնալու առաջարկով/հորդորով] հաղորդագրություն դնելը, բայց մյուս կողմից՝ դա ներկայացնելը որպես ընտրախախտում կամ նույն հարթության վրա դնելը մարդկանց առուծախի, մարդկանց արժանապատվությունը ստորացնելու հետ, համաձայն չեմ։

Մի դեպքում մենք գործ ունենք հստակ, ապացուցված, աղաղակող փաստերի հետ, որ ոմանք մարդկանց առուվաճառքով են զբաղվում, իսկ մի դեպքում գործ ունենք ինչ-որ տարօրինակ բաների հետ»,- ասաց Ալեքսանյանը։

Արայիկ Հարությունյանն էլ, որը նաեւ ՔՊ կենտրոնական շտաբի ղեկավարն է, վստահեցրեց, որ «կես բառ հանձնարարական վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ կենտրոնական շտաբում չի եղել»․

«Կենտրոնական շտաբի ղեկավարի տեղակալը ՏԿԵՆ նախարարն է․ կես բառ, կես հանձնարարական իր կողմից այս առումով չի եղել։ Մարզպետների կողմից դուք որեւէ փաստ չեք կարող ներկայացնել, որ որեւէ մարզպետ ուղղորդել, պահանջել կամ հանձնարարել է, որ վարչական ռեսուրս կիրառվի։ Դուք չեք կարող, որովհետեւ էդպես չի եղել։ Ներքեւի օղակ, եթե 3-4 կարող եք ներկայացնել, նույնիսկ ձեզ հետ կարող եմ համաձայնել։ Մեր հեղափոխությունից շատ երկար ժամանակ չի անցել, եւ մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ մի մասի մոտ էդպիսի բարքեր այնուամենայնիվ պահպանվում են, եւ մենք չենք բացառում, որ կարող են էդպիսի երեւույթներ լինել»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ այդ դեպքերը պետք է հստակ արձանագրվեն, որ խնդիրը լուծվի, ոչ թե, իր խոսքով, ինքնանպատակ ապատեղեկատվություն տարածվի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն