717008870_1325017069833208_2713137646209099073_n

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրել է 50 էական խախտում 14։30-ի դրությամբ

Մինչև 14։30-ը «Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրել է 126 խախտում, որոնց մեծ մասը վերաբերում է տեղամասերից դուրս և ներսում մարդկանց կամ մեքենաների կուտակումներին, կողմնակի անձանց ներկայությանը, քարոզչության/հակաքարոզչության դեպքերին, ընտրողին օգնելու կարգի խախտումներին, տեխնիկական սարքերի խափանումներին և ընտրական գործընթացի կազմակերպման այլ խնդիրներին։ Այս մասին դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում։
«Նույն ժամանակահատվածում արձանագրվել է 50 էական խախտում։ Դրանց թվում են՝ ընտրողների ուղղորդման և վերահսկողության դեպքեր, դիտորդների իրավունքների խոչընդոտում, քվեարկության գաղտնիության միտումնավոր խախտումներ, քվեատուփի, չհրկիզվող պահարանի և քվեաթերթիկների անվտանգության հետ կապված խնդիրներ, քվեարկության սենյակների կահավորման արդյունքում գաղտնիության ապահովման ռիսկեր, ինչպես նաև քարոզչության և ընտրողին օգնելու կարգի խախտումներ։
Էական միջադեպերից՝
29/41 ընտրատեղամասին հարող տարածքում նկատվել է անձ, որը մի քանի անգամ իր մեքենայով ընտրողներ է տեղափոխել տեղամաս՝ ստեղծելով ընտրողների հնարավոր ուղղորդման և կազմակերպված տեղափոխման ռիսկ։ Դեպքի մասին ահազանգվել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։
38/26 ընտրատեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձը ընտրողների՝ տեղամաս մուտք գործելու պահից ակտիվորեն ուղղորդել է նրանց մինչև քվեախցիկ՝ դրսևորելով անսովոր ակտիվություն և շփվելով կոնկրետ անձանց հետ։ Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը մերժել են դիտորդի պահանջը՝ խախտումը գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ։ Իրավիճակը փոխվել է միայն վերադաս հանձնաժողովի միջամտությունից հետո: Նույն տեղամասում արձանագրվել է նաև դեպք, երբ քարտուղարը ամբողջությամբ դատարկել է չօգտագործված քվեաթերթիկների արկղը պարկի մեջ՝ չթողնելով գոնե մեկական օրինակ, ինչը ևս հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը հրաժարվել են արձանագրել:
35/57 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձանցից մեկը շուրջ 15 րոպե անընդմեջ գտնվել է տեղամասի մուտքին հարող տարածքում և ակտիվորեն շփվել տարբեր անձանց հետ: Նկատողություն ստանալուց հետո միայն վստահված անձը հեռացել է տարածքից։ Խախտման վերաբերյալ դիտորդի գնահատականն արձանագրվել է տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանում:
10/38 ընտրատեղամասում արձանագրվել է քվեարկության գաղտնիության միտումնավոր խախտման և նկարահանման մի քանի դեպք: Ընտրողներից մեկը քվեախցիկում գտնվելիս քվեաթերթիկները դրել է ետևում գտնվող պատուհանագոգին և նկարահանել դրանք, իսկ ավելի ուշ մեկ այլ ընտրող նույնպես գրպանից հանել է հեռախոսը և նկարահանել քվեաթերթիկը նախքան քվեարկելը։ Թեև հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է, և գրառում կատարվել է գրանցամատյանում, դեպքերի առնչությամբ ոստիկանություն չի հրավիրվել:
34/3 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքի վստահված անձն իր բջջային հեռախոսը պահել է քվեախցիկների ուղղությամբ՝ ստեղծելով քվեարկության ընթացքին վերահսկելու և կամարտահայտության գաղտնիությունը խախտելու ռիսկ։ Բացի այդ, քվեախցիկների մի մասը տեղադրված է եղել այնպես, որ ընտրողները քվեարկելիս դեմքով կանգնել են հանձնաժողովի անդամների ուղղությամբ։ Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է վերացնել խնդիրը և մերժել է խախտման մասին դիտորդի գնահատականն արձանագրել գրանցամատյանում:
8/7 ընտրատեղամասում ընտրողներն առանց քվեախցիկ մուտք գործելու կատարել են իրենց ընտրությունը՝ քվեաթերթիկները դնելով ծրարի մեջ դեռևս հերթում կանգնած ժամանակ, ինչով խախտվել է քվեարկության գաղտնիությունը։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խնդրի մասին և քայլեր է ձեռնարկել այն վերացնելու ուղղությամբ։ Դիտորդի պահանջով դեպքն արձանագրվել է գրանցամատյանում:
34/37 ընտրատեղամասում արձանագրվել է այլ անձի փոխարեն քվեարկության դեպք: Ընտրողներից մեկը ներկայացել է որպես մեկ այլ՝ մեծահասակ ընտրողի օգնող անձ, սակայն քվեախցիկում հիմնական գործողությունները կատարել է հենց օգնողը, մինչդեռ բուն ընտրողը գտնվել է որոշակի հեռավորության վրա և չի մասնակցել գործընթացին: Թեև հանձնաժողովի նախագահը հիշեցրել է օգնելու կարգը, օգնողն արագ ավարտել է քվեարկությունը։ Խախտումն արձանագրվել է գրանցամատյանում:
8/46 ընտրատեղամասում արձանագրվել է քվեատուփի անվտանգության կոպիտ խախտում։ Ժամը 12:00-ի սահմաններում պարզվել է, որ առավոտյան փակված քվեատուփի կապարակնիքը բացակայում է։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին, նրան առաջարկվել է վերացնել խնդիրը, սակայն այն շարունակել է առկա մնալ։ Միջադեպի վերաբերյալ գնահատականն արձանագրվել է գրանցամատյանում:
35/56 ընտրատեղամասում արձանագրվել են կողմնակի անձանց ներկայության ընթացակարգային խախտումներ: Ոստիկանության ծառայողը շուրջ 1 ժամ 30 րոպե անընդմեջ գտնվել է ընտրական տեղամասի տարածքում և լքել է այն միայն Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի միջամտությունից հետո։ Նույն տեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը ժամը 09:00-ից մինչև 12:00-ն շարունակաբար գտնվել է մուտքին շատ մոտ և շփվել ընտրողների հետ։ Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է նրան հեռացնել բակից՝ պատճառաբանելով իրավասությունների բացակայությունը, ինչն արձանագրվել է գրանցամատյանում»,- նշված է հայտարարությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն