«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը քվեարկել է՝ համոզված, որ Հայաստանը լինելու է ինքնիշխան, ժողովրդավար եւ զարգացող աշխարհի ընտանիքում։ Նա անդրադարձել է նաեւ ԿԸՀ-ի կողմից «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ իրենց կուսակցության միջնորդության մերժմանը՝ ասելով․
«Իրավաբանական թիմը, որ կատարել էր էդ աշխատանքը [ԿԸՀ դիմումի մշակումը], բարձր պրոֆեսիոնալներ են, եւ խնդիրը ոչ թե ենթադրությունների հենքով էր, այլ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված նյութերի, կալանավորումների, դրսից Հայաստան եկող հարյուր հազարավոր մարդկանց, համացանցում անգամ արված հայտարարությունների։
Մենք մարդկանց համոզում ենք, որ գան արդար քվեարկություն անեն, մեզանից հետո հայտնվում են մարդիկ, որոնք 500 հազար կամ 1 մլն դրամ գումար են առաջարկում, ու դա հավասարության սկզբունքը խախտում է։ Ես համարում եմ, որ ճիշտ եմ արել՝ դիմելով ԿԸՀ, եւ ճիշտ կլիներ՝ արեւմտյան արժեքներ կրող մյուս ուժերն էլ դա անեին, ոչ թե կողքից հետեւեին, թե «Հանրապետություն» կուսակցությունն ինչ է անում»,- ասել է Արամ Սարգսյանը։