717709155_1323927406597629_8793532843327099944_n

Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը, որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը, պարզ մոլորեցում է․ ՄՔԾ պարզաբանումը

«Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը, որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը, պարզ մոլորեցում է»,- այս մասին նշվում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածած պարզաբանման մեջ։
«Արձագանքելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության վայրում՝ Իսակովի փողոց, 23/7-ում հասցեում հաշվառված հավելյալ անձի վերաբերյալ ահազանգին՝ հայտնում ենք, որ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում առկա են «Իսակովի 23/7 կից հողատարածք» «Իսակովի 23/7 հարակից շինություն», ինչպես նաև՝ «23/7 հող․ կից տնակ» հասցեները։ Մեդիա տիրույթում տարածում ստացած լուսանկարի առնչությամբ պարզաբանում ենք, որ նշված անձը հաշվառված է Իսակովի 23/7 հասցեի հարակից տարածքում գտնվող շինություններից մեկում։ Հասցեի մանրամասները ընտրողների ցուցակում չեն արտացոլվել։ Հաշվառման հիմքերը պատշաճ ուսումնասիրվել են․ հաշվառումն իրավաչափ է, որևէ խախտում չի հայտնաբերվել։
Նախնական ցուցակները հրապարակվում են քվեարկության օրվան նախորդող 40-րդ օրը, որպեսզի ընտրողները բավարար ժամանակ ունենան ցուցակները ուսումնասիրելու և անճշտությունները բարձրաձայնելու համար։ Հայտնում ենք, որ Ռ․Քոչարյանի ընտանիքից նմանօրինակ որևէ մտահոգություն չի բարձրաձայնվել։
Կրկին հիշեցնում ենք, որ հաշվառման բերումով անձը ո՛չ ձեռք է բերում և ո՛չ էլ զրկվում է ընտրելու իրավունքից։ Հաշվառումը տեխնիկական միջոց է անձին այս կամ այն ընտրատեղամասի ցուցակում ընդգրկելու համար։ Հաշվառում չունեցող անձինք ևս կարող են իրացնել իրենց ընտրելու իրավունքը։
Հետևապես, որևէ հաշվառում որակել՝ որպես ընտրակեղծիքի աղբյուր, պարզ մոլորեցում է»,- նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ  ավելի վաղ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեի վրա հավելյալ մարդ են գրանցել: «Իհարկե, նախագահ Քոչարյանի ընտանիքում Քնարիկ Պետրոսյան անուն-ազգանունով որևէ մարդ չկա, և տվյալ հասցեում չէր էլ կարող գրանցված լինել: Գիտենք, որ սեփականատիրոջ թույլտվությունն է պետք, որպեսզի ինչ-որ մեկին գրանցեն այդ հասցեում: Սա տաբեր հասցեներում հավելյալ մարդկանց գրանցելու իշխանությունների արատավոր պրակտիկայի հերթական ապացույց է, և այնքան են լկտիացել, որ արդեն նախագահի տան վրա էլ են հավելյալ մարդ գրանցում», – ասել է Միկոյանը «5–րդ ալիքին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն