Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի 6/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նաիրա Ենգիբարյանը կարծում է՝ որոշ մարդիկ ընտրատեղամաս եկել են կոնֆլիկտ հրահրելու տրամադրությամբ։
«Առաջին ընտրողը, որ մտել է ընտրության, մեզ անվանել է անգրագետներ, քանի որ ընտրողների ցուցակը փակցված է դրսից, և ոչ թե ներսից»,- «Ինֆոքոմի» թղթակցի հետ զրույցում ասել է հանձնաժողովի նախագահը։
Նա նշել է, որ դեպք է եղել, երբ քաղաքացին պնդել է, որ հենց ինքը պետք է օգնի ընտրողին․
«Կինը համառորեն պնդում էր, թե ինքը պիտի օգնի ընտրողին, որն իր մայրն է, սակայն որևէ ապացույց չկար, և իմ միջնորդությամբ մեկ այլ քաղաքացի գրանցվեց ու մոտեցավ օգնելու»։
Հանձնաժողովի նախագահը լսել է, որ դրսում կուտակումներ կան, սակայն, նրա խոսքով, դրանք հեռու են եղել տեղամասից, և ինքն անձամբ չէր կարող դա տեսնել։
Ավելի «Փաստինֆոն» գրել էր, որ այս տեղամասում, ըստ ահազանգի, թաղային հեղինակությունները փակել են ընտրատեղամասի մուտքը եւ ահաբեկում են քաղաքացիներին։
Ենգիբարյանն ասում է՝ այս տարվա մասնակցությունից բավական գոհ են, քանի որ նախորդ անգամներն այս ժամի դրությամբ հազիվ 40%-ի հասներ ցուցանիշը։ ժամը 19:00-ի դրությամբ այս տեղամասում ընտրելու իրավունք ունեցող 1766 ընտրողից քվեարկել է 1021-ը։ Հազարերորդ ընտրողին տեղամասում ծափերով ողջունեցին։
Այստեղ, սակայն, քվեախցիկների դիրքն այնքան էլ հարմար չէ լիովին գաղտնիություն ապահովելու համար։ Որոշ աթոռներ ավելի հետ են, քան քվեախցիկները, ինչի արդյունքում քվեախցիկում գտնվող ընտրողի վերցրած թերթիկը կարող է տեսանելի լինել։
Տեղամասում որոշ մարդիկ շրջում են առանց տեսանելի վկայականի։ «Հայաստան» դաշինքի վստահված անձանցից մեկը նույնիսկ հանձնաժողովի նախագահի ցուցումից հետո շարունակում էր շրջել առանց բեյջի։ Այժմ նա տեղամասում չէ, դուրս է եկել՝ առանց ելքի ժամը գրանցելու։
Նկարագրված դեպքերից միայն ընտրողին օգնելու մասին արձանագրում կա գրանցամատյանում։