«Անկախ» դիտորդը 23/30 -ում բաց քվեարկության դեպք են գրանցել, գնահատում են, որ դա դիտավորյալ է եղել։
32/39 տեղամասում Հանձնաժողովի նախագահն առավոտյան ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, և գործընթացը սկսվել է առանց հանձնաժողովի նախագահի։
29/23 տեղամասում ամեն ուժից 1000-ական քվեաթերթիկ է անհետացել։ Դանիել Իոաննիսյանն ասում է․ «Քվեաթերթիկը հատուկ հաշվառման փաստաթուղթ չէ, պրինտերի վրա տպված թուղթ է, քանի դեռ իր վրա ինքնասոսնձվող դրոշմանիշը չկա, դրանով ոչ մի կեղծիք հնարավոր չէ անել, բայց ամեն դեպքում քվեաթերթիկը պետական գույք է՝ մի կողմից, և մյուս կողմից՝ դա շատ կարևոր է այն տեսանկյունից, որ բա որ քվեաթերթիկները վերջանան»։ Այդ մասին հաղորդում են ներկայացրել։
23/43 տեղամասում զինհոսպիտալում պառկած զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիր է եղել, 10-ից ավելի զինծառայող չի կարողացել քվեարկել, որովհետև զորամասի հրամանատարի ներկայացրած՝ զինծառայողների ցուցակը թերի է եղել։
26/21 տեղամասում 66 ընտրող օգնողով է քվեարկել։
«Դա ևս ուսումնասիրության առարկա հարց է, որովհետև դա նորմալ թիվ չէ։ Բարձր թվեր կարող են լինել, օրինակ, այնպիսի տեղերում, որտեղ, ինչ-որ բանի բերումով կան շատ հաշմանդամություն ունեցող անձինք, կամ ինչ-որ ծերանոց։ Այդ տարածքում նման բան չկա»,- նշել է Դանիել Իոաննիսյանը։
12/13-ում տեղի է ունեցել «Անկախ դիտորդ» դաշինքի արձանագրած ամենամեծ խնդիրներից մեկը՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռի» քվեաթերթիկների բացակայության հարցը։
«Մինչև առնվազն ժամը վեցը՝ համարյա մինչև քվեարկության ավարտը, այդ կուսակցության քվեաթերթիկներ չեն եղել։ Հանձնաժողովի նախագահը պնդում է, որ ինքը ընտրատարածքայինի ղեկավարին հայտնել է այդ խնդրի մասին, դեռ գիշերն է հայտնել, և միջոցներ չեն ձեռնարկվել։ Սա այս տեղամասում քվեարկության ամբողջ պրոցեսը հարցականի տակ դնող հանգամանք է»,- նշեց դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Դանիել Իոաննիսյանը՝ հանձնաժողովների անդամների կոմպետենտության մասին․
«Շատ-շատ են դեպքերը, որ հանձնաժողովները գրանցամատյանը սխալ լրացնեն։ Եվ շատ դեպքեր են լինում, երբ որ պատշաճ չեն արձանագրում խնդիրները։ Օրինակ՝ երկու դեպք է եղել, որ քաղաքացին քվեարկության կտրոնը կորցրել է, ցավալի է, որ քվեարկության կտրոնը կորցնում է, առանց դրա չի կարող քվեարկել, բայց դա նախատեսված դեպք է, այդ դեպքով պետք է արձանագրություն կազմվի գրանցամատյանում, բայց հանձնաժողովները հրաժարվել են»։
Իոաննիսյաննը նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ նաև Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումները և մյուս իրավապահների բացահայտումները, որոնք «աննախադեպ շատ են և շարունակում են խորացնել մտահոգությունները ընտրակաշառքի դեպքերի հետ կապված, որովհետև լատենտային հետք չթողնող հանցագործություն է ընտրակաշառքը, և ակնհայտ է, որ բացահայտվող դեպքերը այսբերգի վերևի հատվածն են»։
Անդրադառնալով ընտրություններին մասնակցության բարձր ցուցանիշներին՝ Իոաննիսյանը նշեց․ «Մենք ուսումնասիրել ենք որոշակի վիճակագրական պատկերներ, օրինակ՝ արդյո՞ք անոմալ բարձր մասնակցություն կա առավոտյան ժամերին քաղաքային բնակավայրերում, որովհետև դա կարող էր հարցեր առաջացնել, որովհետև եթե գյուղական բնակավայրերում մարդիկ հակված են հաճախ առավոտյան գնալ քվեարկել և հետո գնալ իրենց գյուղատնտեսությամբ զբաղվել, ապա քաղաքներում կիրակի առավոտյան մարդիկ նախընտրում են քնել։ ․․․․ Պիտի ասեմ, որ անոմալ բարձր մասնակցության թիվ քաղաքային բնակավայրերում առավոտյան ժամերին չենք նկատել։ Ինչ-որ տեղեր տեսնում ենք տարօրինակ պատկերներ, որոնք պետք է ուսումնասիրել, որ ասեմ՝ համատարած այդպիսի խնդիր ենք տեսնում․․․ Մեր նախնական գնահատականն այն է, որ բարձր մասնակցությունը պայմանավորված է քաղաքական երևույթներով, նրանով, որ 21 թվականի նախընտրական քարոզարշավը եղել է երկու շաբաթ, իսկ հիմա նախընտրական քարոզարշավի ֆորմալ մասը եղել է մի ամիս, իսկ փաստացի մասը՝ առնվազն կես տարի»։
«Դիտարկված տեղամասերի 57․70%-ում դիտորդները գերազանց են գնահատել հանձնաժողովի պատրաստվածությունը և տեղամասի ընդհանուր կարգապահությունը։ Հանձնաժողովի պատրաստվածությունը և տեղամասի ընդհանուր կարգապահությունը լավ է գնահատվել համապատասխանաբար դիտարկված տեղամասերի 36․75%-ում, և վատ է գնահատվել տեղամասերի 4․6%-ում, և շատ վատ՝ 0․9%-ում»,- հավելել է Արթուր Սաքունցը։