hetq.am «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Արտուր Օսիպյանն այսօր մասնակցել է խորհրդարանական ընտրություններին և քվեարկել։ «Հետքը» արձանագրել է նրա մասնակցությունը եւ կարճ զրույց ունեցել։
Ավելի ուշ Արտուր Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանից տեղեկացել ենք, որ Արտուր Օսիպյանը չունի ՀՀ քաղաքացիություն։
Թե ինչպես են Արտուր Օսիպյանի տվյալները հայտնվել ընտրողների ցուցակում և փոխանցվել «Նուբարաշեն» ՔԿՀ, եթե չունի ՀՀ քաղաքացիություն, փորձել ենք պարզել ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանից։
Նրա խոսքով, ընտրական ցուցակները կազմում է ոչ թե ԿԸՀ-ն, այլ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, հետեւաբար հարցը ԿԸՀ լիազորությունների տիրույթում չէ։
ՔԿՀ ընտրողների ցուցակները ԿԸՀ-ին ուղարկում է Արդարադատության նախարարությունը։ Վերջինս այդ ցուցակները ստանում է համապատասխան քրեակատարողական հիմնարկներից։
«Արտուր Օսիպյանի քվեարկելու հետ կապված տեխնիկական խնդիր է եղել, որի վերաբերյալ մենք արդեն գրություն ենք ուղարկել կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- «Հետքին» հայտնեց Արդարադատության նախարարության մամլո խոսնակ Մարիամ Մելքումյանը։