Իսրայելի բանակը հայտարարել է, որ Իրանից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը «ոչ միայն կկասեցնի բանակցությունների ընթացքը, այլև ուղղակի առճակատման մեջ կմտնի թշնամու հետ»՝ հարավային Լիբանանի և մայրաքաղաք Բեյրութի դեմ Իսրայելի շարունակական հարձակումներից հետո:
Ավելի վաղը Իսրայելը հարվածել է Բեյրութի արվարձաններին: Սա առաջին այսպիսի հարձակումն էր այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ԱՄՆ-ն Լիբանանում հրադադար հաստատելու ծրագիր առաջարկեց: Իրանի պաշտոնյաներն էլ սպառնացել են պատասխան տալ, ինչը վտանգի տակ է դնում մեծ պատերազմը կանգնեցնելու բանակցությունները, հայտնում է Reuters-ը:
Իրանը վաղուց է ասում, որ ԱՄՆ-ի հետ ցանկացած խաղաղության պայմանագիր կապված է Լիբանանում տիրող իրավիճակի հետ: Իսրայելը մարտ ամսին ներխուժել էր Լիբանան՝ հայտարարելով, թե պայքարում է «Հեզբոլլահի» մարտիկների դեմ։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում երկրի հարավային և արևելյան շրջաններում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 լիբանանցի։ Նախարարության տվյալներով՝ ևս 82 մարդ վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոցներ։
«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր մահացածների ընդհանուր թիվը հասել է 3613-ի, վիրավորներինը՝ 11072-ի», – ասվում է գերատեսչության X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրությունում: