«ՔՊ-ն միանձնյա կձեւավորի իշխանություն»․ Փաշինյանը հայտարարում է հաղթանակի մասին՝ մինչեւ բոլոր տեղամասերի արդյունքների հրապարակումը

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցությունը․

«ՔՊ-ն միանձնյա կձեւավորի իշխանություն։ Շնորհակալ եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր նախ մասնակցեցին ընտրություններին եւ իրենց ազատ կամարտահայտմամբ քվեարկեցին։ Ուզում եմ ընդգծել, որ ՔՊԿ-ն 2021-ի համեմատ ստացել է ՀՀ ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ Սա պարտավորեցնող է, եւ նշանակում է՝ ՀՀ քաղաքացին տեր է կանգնել պետությանը, տեր է կանգնել անկախությանը, տեր է կանգնել ապագային, տեր է կանգնել խաղաղությանը»,- ասաց Փաշինյանը քիչ առաջ մեկնարկած ասուլիսի սկզբում։

Հարցին՝ ինչպե՞ս է վստահ պնդում, որ հաղթել է ընտրություններում, երբ բոլոր տեղամասերի հաշվարկը հրապարակված չէ, Փաշինյանը պատասխանեց․ «Մենք բոլոր տեղամասերում ունենք վստահված անձինք, ունենք արձանագրությունները, մեր սեփական հաշվարկներն ենք անում։ Նաեւ, կարծում եմ, ԿԸՀ-ն տվյալները հրապարակում է, եւ ակնհայտ է»։

Ի պատասխան հարց-դիտարկման՝ կարծես թե նշմարվում է՝ որ ուժերից է ձեւավորվելու խորհրդարանը, նրանց հետ համագործակցության ի՞նչ եզրեր կան՝ Փաշինյանն ասաց՝ իր ասելիքը չի փոխվել։

«Էդ ուժերի լիդերները պետք ա բերվեն պատասխանատվության ՀՀ օրենսդրության սահմանած կարգով։ Նրանք քրեական պատասխանատվության պետք ա ենթարկվեն ձեզ հայտնի գործերով, եւ քրեաօլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ մեծ տեմպերով եւ արագ տեղի ունենա ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով, քրեական գործերով, պետական շահերի պաշտպանության համակարգով, համայնքային շահերի պաշտպանության համակարգով, եւ, ի վերջո, էս քաղաքական ուժերը քաղաքական ուժեր չեն, իրենք քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ են եւ նրանք պետք ա գործունեության դաշտ չունենան ՀՀ-ում։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը պետք ա արմատախիլ արվի ՀՀ-ից, քաղաքական դաշտում էդ ա մեր առանցքային անելիքը»։

Փաշինյանը նաև բացառեց Հայաստանում հետընտրական զարգացումները։

«Հետընտրական զարգացում լինում ա այնտեղ, որտեղ լինում ա իշխանության կողմից ընտրությունների արդյունքների կեղծում։ Ընդդիմությունը չի կարող հետընտրական զարգացում հարուցել, որովհետեւ իրենց ստացած ձայների մեծ մասը ընտրակաշառքով ստացած ձայներ են, և բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը թույլ կտա, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունն ընդհանրապես թպրտա։ Ոչ մի հետընտրական պրոցես էլ չի լինի»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է դեռևս 523 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքեր, համաձայն որոնց՝ ՔՊ-ն ստացել է 51․16% ձայն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն