news.am Կուսակցություններն իրենց վստահված անձանց միջոցով ավելի շուտ են կարողանում ամփոփել ընտրության արդյունքները, քան ԿԸՀ–ն։ Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նրա խոսքով դրա պատճառն այն է, որ վստահված անձինք արագ միայն թվերը ներկայացնում են իրենց շտաբներին, իսկ ԿԸՀ տվյալներ ներկայացնելուց պետք է հաշվեն նաև կտրոնները, տեղավորեն դրանք պարկերում և էլի մի շարք գործողություններ արվեն, ինչն էլ ուշացնում է տվյալների ստացումը։
«Այն փաստը, որ քաղաքական ուժերը մոտ 2-3 ժամ ավելի արագ են քվեարկության արդյունքները ամփոփում, դա բնական է։ Միշտ այդպես է եղել բոլոր նախորդ ընտրություններում։
Մենք ունեցել ենք իրավիճակային կենտրոն, որը ընտրախախտումների բոլոր ահազանգերը հավաքագրել ենք։ Այն դեպքերը, որոնք պահանջում են ամփոփման փուլում պետք է տրվի իրավական գնահատական, կասկած չունենանք, որ այդ գնահատականը տրվելու է։
Ինչ վերաբերում է զինվորների քվեարկությանը, ապա խնդիրը եղել է սա. Երկու տեղամասում մեր զինվորները դեռ կեսօրից կամ գուցե ավելի շուտ, եկել են քվեարկության։ Պետք է խոստովանեմ, որ ընտրական հանձնաժողովներում մի զգալի մասը պատկառելի տարիք ունեցող մարդիկ են։ Մի տեղամասում ես տեսա, որ քվեաթերթիկների տրցակ հավաքելը 3 րոպե էր տևում։ Այսինքն կեսօրից ընտրության եկած զինվորները ժամը 20–ին դեռ դռան դիմաց կանգնած էին։ Կամ մենք պետք է զինվորներին թույլ տայինք մտնել ներս ու ապահովել իրենց քվեարկելու իրավունքը, կամ պետք է մեր զինվորների վրա դուռը փակեինք և ասեինք՝ դուք չեք կարող քվեարկել, որովհետեւ գործընթացը դանդաղ է գնացել»,–ասաց նա։
Հովակիմյանը պարզաբանեց, որ օրենքի կարգավորումներով ժամը 20–ին դռները փակվում են և նրանք, որոնք տեփղամասի ներսում են, իրենց իրավունք է տրվում քվեարկել և դուրս գալ. «Այս դեպքում խնդիրն այն է եղել, որ երկու տեղամասում մեծ թվով զինվորներ են եղել»,- ասաց ԿԸՀ նախագահը։