armenpress.am Սիրիայի քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի գլխավոր վարչությունը հունիսի 8-ին երկարաձգել է երկրի հարավային օդային միջանցքների փակումը և Դամասկոսի միջազգային օդանավակայանի գործունեության կասեցումը մինչև տեղական ժամանակով 23:00-ն։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ վարչությունը պարզաբանել է, որ երկարաձգման որոշումը կայացվել է տարածաշրջանային զարգացումների շարունակական մոնիթորինգի և գնահատման լույսի ներքո։
Ընդգծվել է, որ այս միջոցառումների նպատակն է պահպանել ավիացիոն անվտանգության և պաշտպանվածության ամենաբարձր մակարդակը։
Ավելի վաղ «Սիրիական ավիաուղիներ»-ը հայտարարել էր մի քանի նախատեսված չվերթների երթուղիների փոփոխման մասին՝ հարավային օդային միջանցքների ժամանակավոր փակման պատճառով։
Քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի գլխավոր վարչությունը հունիսի 7-ին հայտարարել էր 12 ժամով Սիրիայի հարավային օդային տարածքի ժամանակավոր փակման և Դամասկոսի միջազգային օդանավակայանի գործունեության կասեցման մասին։
Միջոցառումները ձեռնարկվել են տարածաշրջանային լարվածության աճի ֆոնին, որը խաթարել է օդային երթևեկությունը Մերձավոր Արևելքի որոշ հատվածներում։
Իսրայելը և Իրանն ապրիլին հաստատված հրադադարից հետո առաջին անգամ հունիսի 7-ին վերսկսել են հարձակումները։ Պատճառն Իսրայելի կողմից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իրանամետ «Հեզբոլլահ» շարժման անդամների դեմ իրականացված հարվածներն էին, որն էլ պաշտոնական Թեհրանն անպատասխան չի թողել։