Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) միջազգային դիտորդական առաքելությունը Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում չի արձանագրել համակարգային խախտումներ, և ընդհանուր առմամբ ընտրական գործընթացը եղել է վստահելի ու արժանահավատ։
Հունիսի 8-ին Երևանում ասուլիսին առաքելության ղեկավար, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) նախագահ Փիթեր Ռոսկամը նշեց, որ քվեարկությունն ու ձայների հաշվարկը հիմնականում անցել է հանգիստ, կազմակերպված և գործող ընթացակարգերին համապատասխան։ Նրա խոսքով՝ քաղաքական ուժերի, տեղական և միջազգային դիտորդների ներկայացուցիչները լայնորեն ներգրավված են եղել գործընթացում։
IRI-ը Հայաստան էր գործուղել 23 անդամից բաղկացած միջազգային պատվիրակություն՝ յոթ երկրներից։ Դիտորդներն ընտրությունների օրը այցելել են 107 ընտրատեղամաս՝ 8 մարզերում և 17 համայնքներում։ Առաքելության աշխատանքներին նախորդել էր նաև ապրիլին իրականացված նախընտրական գնահատումը, իսկ երկարաժամկետ վերլուծաբանները Հայաստանում աշխատել էին դեռ ապրիլից։
Առաքելությունը նշեց, որ ընտրություններն անցկացվել են բևեռացված քաղաքական միջավայրում՝ անվտանգային խնդիրների և Հայաստանի աշխարհաքաղաքական ուղղության շուրջ շարունակվող բանավեճերի ֆոնին։
Ասուլիսի ընթացքում IRI-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի ավագ տնօրեն Սթիվեն Նիքսը հայտարարեց, որ ընտրական շրջանի հիմնական առանձնահատկություններից մեկը արտաքին միջամտությունն էր։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը և Ռուսաստանի հետ կապվող դերակատարները փորձել են ազդել ընտրական միջավայրի վրա՝ տնտեսական ճնշումների, քաղաքական և տնտեսական հետևանքների մասին նախազգուշացումների, ինչպես նաև վախի վրա հիմնված քարոզչական նարատիվների միջոցով։
Նիքսի խոսքով՝ առաքելությունը դիտարկել է կեղծ և մոլորեցնող տեղեկությունների տարածումը, որոնք շահարկում էին պատերազմի, զիջումների և խաղաղության գործընթացի շուրջ հասարակական մտահոգությունները։ Նա նաև նշեց, որ Ռուսաստանի հետ կապվող բովանդակությունը Հայաստանի և Արևմուտքի մերձեցումը ներկայացրել է որպես պատերազմի, ապակայունացման կամ տնտեսական փլուզման ճանապարհ։ Այդ նարատիվները, ըստ IRI-ի, տարածվել են կեղծ սոցիալական հաշիվների, բոտերի, արհեստական բանականությամբ ստեղծված կամ մանիպուլացված բովանդակության միջոցով, ինչպես նաև ուղեկցվել են ֆիշինգային փորձերով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի դեմ կիբերհարձակումների փորձերով։
Չնայած այդ միջամտություններին՝ IRI-ն արձանագրել է, որ քաղաքական կուսակցություններն ու դաշինքները կարողացել են ազատ քարոզարշավ իրականացնել։ Թեև քարոզարշավի ընթացքում եղել են անձնական բնույթի հարձակումներ, ըստ առաքելության, ընտրական հանձնաժողովների աշխատանքը բոլոր մակարդակներում նպաստել է ընտրությունների ամբողջականության պահպանմանը և ընտրության օրը հանգիստ միջավայրի ապահովմանը։
Նախնական հայտարարության մեջ IRI-ը ներկայացրել է 11 առաջարկություն, որոնք վերաբերում են ընտրական վարչարարությանը, քաղաքական ֆինանսավորմանը, կիբերանվտանգությանը և մեդիա միջավայրին։ Առաքելությունը մասնավորապես առաջարկում է խստացնել պատժամիջոցները ֆինանսական միջոցների թերի կամ կեղծ հայտարարագրման համար, ուժեղացնել քաղաքական ուժերի ֆինանսավորման վերահսկողությունը, ընդլայնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դերը ընտրական վեճերի քննության հարցում և արդյունավետ արձագանքել վարչական ռեսուրսի չարաշահման, ճնշումների և ահաբեկման վերաբերյալ արժանահավատ ահազանգերին։
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում