armenpress.am Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտն արդեն հաստատված է, իսկ կեղծվող ընտրությունների և ավտորիտար կառավարման էջը փակված է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ են եղել, ընտրություններ, որոնք համապատասխանում են ամենաբարձր միջազգային չափանիշներին, սա վկայում են արդեն և՛ տարբեր դիտորդական կազմակերպությունների կամ վերաբերելի կազմակերպությունների, և՛ նաև առանձին երկրների կառույցների ղեկավարների նախնական արձագանքները»,- ասել է նա։
Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ հաստատել են ժողովրդավարական գործընթացների կայացումը Հայաստանում։
«Ուզում եմ նաև ասել, որ ժողովրդավարական ընտրությունների էջը այլևս հաստատված է Հայաստանում, այսինքն՝ կեղծվող ընտրությունների կամ պսևդոժողովրդավարության կամ ավտորիտարիզմի էջը Հայաստանի Հանրապետությունում փակված է»,- նշել է Միրզոյանը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ցուցաբերած վստահության համար։
«Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը երրորդ անգամ անընդմեջ երկրի կառավարումը վստահելու համար»,- ասել է նախարարը։
Միրզոյանի խոսքով՝ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր»-ը հնարավորություն է ստացել կրկին միանձնյա ձևավորել կառավարություն։
«Երրորդ անգամ անընդմեջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնարավորություն ունի և միանձնյա կձևավորի կառավարություն և, ինչպես նախկինում, ապագայում ևս կշարունակի ծառայել Հայաստանի Հանրապետության շահերին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերին և իրականացնել իր խոստումները»,- նշել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում