civilnet.am Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ քաղաքական հայտարարությունները պետք է տարանջատել իրավական գործընթացներից։
Քաղաքական չորս ուժեր՝ «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Միասնության թևերը», հունիսի 8-ին հայտարարեցին խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին։
Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ ընտրություններն անցել են լուրջ խախտումներով և իրավական ճանապարհով պատրաստվում են բողոքարկել դրանք։
Մինչ քաղաքական ուժերը հայտարարում են վիճարկման մասին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է նախնական արդյունքների ամփոփման, ճշգրտման և վերահաշվարկի գործընթացները։
«Ընտրական գործընթացները իրավական գործընթաց են: Թող ցույց տան տեղամասը, բողոքը, չգիտեմ փաստը: Բոլոր 1,800 տեղամասերում ուղիղ հեռարձակում է իրականացվել: Դա չի նշանակում, որ այդ ձայնագրությունները կորել են։ Թող խնդիրները ցույց տան ու մենք այդ խնդրի հետևից գնալու ենք»,- ասաց Հովակիմյանը։
Նա հորոդրեց կոնկրետ տեղամասեր նշել՝ վերահաշվարկ իրականացնելու համար․ «Եթե ցանկանում են ամբողջ հանրապետությունը, կարող ենք ամբողջ հանրապետությունը վերահաշվարկ իրականացնել: Այստեղ մեզ համար կարևորը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վստահ լինեն, որ այն թիվը, որ հրապարակվում է, ճշգրիտ է»։
Հովակիմյանը նաև խոսեց Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրությունների արդյունքները վաղաժամ հայտարարելու և հաղթանակի մասին խոսելու վերաբերյալ՝ շեշտելով, որ դա չի կարելի դիտարկել որպես ԿԸՀ-ի վրա ճնշում կամ հրահանգ։ Ըստ նրա՝ քաղաքական ուժերը, վստահված անձանց միջոցով, ունենում են սեփական հաշվարկները, և հաղթանակի հայտարարությունը հիմնված է եղել այդ ներքին տվյալների վրա։
«Ամբողջ աշխարհում այդպես է, որ քաղաքական ուժերն արդյունքներն ավելի շուտ են իրենց համար ամփոփում, քան պաշտոնապես դրանք հրապարակվում են»,- պարզաբանեց Հովակիմյանը՝ հավելելով, որ ԿԸՀ-ի համար առաջնայինը պաշտոնական արձանագրությունների ճշգրտությունն է։
Նա նաև մանրամասնեց, որ հունիսի 14-ին հրապարակվելու են վերջնական արդյունքները։ Դրանից հետո նախատեսված է հինգօրյա ժամկետ բողոքարկումների համար, և հունիսի 19-ին քաղաքական ուժերը կարող են դիմել Սահմանադրական դատարան։ Բողոքարկման բացակայության կամ Սահմանադրական դատարանի հաստատումից հետո կմեկնարկի մանդատների տրամադրման գործընթացը՝ ընդառաջ խորհրդարանի առաջին նիստին։