«Ուժեղ Հայաստան» դաշինքը սպասում է ձայների վերահաշվարկի արդյունքներին՝ հասկանալու, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարում է անցողիկ շեմը, թե ոչ, և միայն դրանից հետո հանդես կգան հայտարարությամբ:
Այս մասին ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում ասել է դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ ԲՀԿ արդյունքներից կհասկանան, թե նոր գումարման խորհրդարանը հնարավորություն կունենա՞ գլխավոր դատախազ և այլ պաշտոնյաներ ընդունելու:
«Սիրելի հայրենակիցներ, իմացեք, որ ձեր հետաքրքրությունը մեր համար առաջնային է։ Մեր ընդհանուր հետաքրքրությունը մեր երկրի հանդեպ առաջնային է։ Եթե ընդդիմությունը, եթե մենք կարողացանք այնպես անենք, որ դատարանի նախագահները նշանակվելուց ընդդիմության ձայնը հաշվի առնվի, դա հավասարակշռելու է, և քաղբանտարկյալների հարցը փորձելու ենք այդպես լուծել։ Եթե չէ, եթե տեսանք, որ արդյունք չի լինելու, արդեն հանդես կգանք հայտարարությամբ»,- նշել է նա:
Կարապետյանը իշխանության փոփոխության համար 2 տարբերակի մասին է խոսել. «Առաջինը ընտրությունն է, երկրորդը՝ փողոցային պայքարը, փողոցային սահմանադրական ճանապարհով պայքարը։ Փողոցային պայքարի արդյունքում պետք է Ազգային ժողովը, ԱԺ պատգամավորների մեծամասնությունը քվեարկի փոփոխության օգտին։ Եթե ընդամենը 8 պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը։ Իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց Հայաստանի 5 տարվա ընթացքում մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ»: