ek5ulrrvfysg0yi0lg7lclpp9de85xwpq5arm5sv

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները | armenpress.am

armenpress.am Եվրոպական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ բոլոր քաղաքական դերակատարներին կոչ անելով հարգել քվեարկության արդյունքները, ժողովրդավարական ընթացակարգերը և ցանկացած ընտրական բողոք հասցեագրելու համար օգտվել իրավական մեխանիզմներից։

Տարածված հայտարարության մեջ Եվրոպական միությունը, մասնավորապես, շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրենց ինքնիշխան ժողովրդավարական իրավունքն իրացնելու կապակցությամբ և բարձր է գնահատել քաղաքացիական մասնակցության բարձր մակարդակը։

«Քվեարկությունը ցույց է տալիս Հայաստանի հաստատակամ հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպայի հետ առավել սերտ կապերին»,-ասված է հայտարարության մեջ:

ԵՄ-ն, հղում կատարելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության նախնական եզրակացություններին, նշել է, որ թեև նախընտրական քարոզարշավը խիստ բևեռացված էր, ընտրությունները կառավարվել են ներառական եղանակով, առաջարկվել են հստակ քաղաքական այլընտրանքներ և լավ կազմակերպված են եղել՝ իրավական շրջանակներում:

«Նախընտրական քարոզարշավը և քվեարկությունը տեղի են ունեցել Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտության, ճնշումների և շարունակական հիբրիդային հարձակումների համատեքստում, այդ թվում՝ տնտեսական հարկադրանքի միջոցներով, որոնք նպատակ են ունեցել խարխլել ժողովրդավարական գործընթացը և հրահրել բևեռացում: Այդուհանդերձ, ընտրություններն արտացոլում են Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը և առաջընթացը բարեփոխումների ճանապարհին: Դրանք նաև ընդգծեցին հայ ժողովրդի հավատարմությունը եվրոպական արժեքներին, խաղաղ քաղաքական մասնակցությանը և կայուն, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի ձգտմանը»,-նշել են ԵՄ-ում:

Հաղորդվում է, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հայտարարված նախնական արդյունքները, որոնք մատնանշում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հստակ առաջատարությունը:

«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները, ժողովրդավարական ընթացակարգերը և օգտվել իրավական մեխանիզմներից՝ ցանկացած ընտրական բողոք հասցեագրելու համար:

ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին և հավատարիմ է մնում Հայաստանին իր ժողովրդավարական ուղու հարցում աջակցելու և մեր գործընկերությունն էլ ավելի խորացնելու իր հանձնառությանը: Մենք ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը Հայաստանի ապագա կառավարության և խորհրդարանի հետ՝ իրականացնելու նրանց բարեփոխումների համապարփակ օրակարգը, խթանելու տարածաշրջանային խաղաղությունը, տնտեսական աճը և փոխկապակցվածությունը՝ ամրապնդելու Հայաստանի ինքնիշխանությունը, դիմակայունությունը, ժողովրդավարությունը և բարգավաճումը»,-ասված է ԵՄ տարածած հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն