armenpress.am Երևանում կայացավ Հայաստան–Լեհաստան գործարար համաժողովը, որը կարևոր հարթակ կդառնա Հայաստանի ու Եվրոպայի միջև տնտեսական, ներդրումային և ենթակառուցվածքային համագործակցության ամրապնդման համար։
Գործարար համաժողովը համատեղ ջանքերով կազմակերպվել էր «Մանթաշյանց» գործարարների ակումբի, լեհական «HAYWAY GROUP» ընկերության, «Գործատուներ Լեհաստանի» կազմակերպության կողմից և տեղի ունեցավ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է զարգացնել Չինաստանն ու Եվրոպան կապող նոր և արդյունավետ առևտրային միջանցքները, ընդլայնել հայկական արտադրանքի մուտքը եվրոպական շուկաներ, խորացնել Հայաստան–Եվրոպա տնտեսական կապերը և ուսումնասիրել տարածաշրջանային ենթակառուցվածքային ու երկաթուղային նախագծերի զարգացման հնարավորությունները։
Այդ նպատակներին աջակցելու համար հնգօրյա այցով Հայաստան է ժամանել 40 գործարարներից բաղկացած Լեհաստանի պատվիրակությունը, որը ներկայացնում է ավելի քան 10 միլիարդ ԱՄՆ դոլար համախառն կապիտալ ունեցող բիզնես հարթակ։ Պատվիրակության կազմում ընդգրկված են Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում գործունեություն ծավալող խոշոր ընկերությունների սեփականատերեր և ղեկավարներ։
Համաժողովը մեկ հարթակում համախմբել էր լոգիստիկայի, արհեստական բանականության, վերականգնվող էներգետիկայի, անշարժ գույքի, առողջապահության, ավտոմոբիլային արդյունաբերության, ֆինանսների, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերական ավտոմատացման և միջազգային առևտրի ոլորտների առաջատար ներկայացուցիչների։
Մասնակիցների թվում էին գործարարներ և ընկերությունների ղեկավարներ, որոնք համագործակցում են այնպիսի համաշխարհային բրենդների հետ, ինչպիսիք են Amazon-ը, Volvo Trucks-ը, BMW-ն, Ferrari-ն, Tesla-ն, Microsoft-ը, Shell-ը, Deloitte-ը, Stellantis-ը, Pfizer-ը, Santander-ը և Toyota-ն։
«Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանն իր ելույթում նշեց, որ Լեհաստանը Եվրոպայի այն երկիրն է, որն ունի շատ արագ զարգացող տնտեսություն, հետևաբար շատ կարևոր է, որ հայ գործարար շրջանակներն ավելի սերտ համագործակցություն սկսեն լեհական կողմի հետ։
«Հուսով ենք, որ այսօրվա համաժողովը կավարտվի գործնական շատ պայմանավորվածություններով, որոնք հետագայում կհանդիսանան հենց այդ սերտ համագործակցության հիմքը։ Մենք միշտ պատրաստ ենք օգնել, աջակցել լեհ գործարարներին ցանկացած հարցով, որը կարող է հետաքրքրել նրանց։ Հայաստան-Լեհաստան տնտեսական հարաբերությունների տեսանկյունից սա պատմական և կարևոր նախաձեռնություն է, որովհետև նախկինում երբեք նման ձևաչափով երկկողմ համաժողով չի կազմակերպվել»,- ասաց Միրաքյանը։
Նա տեղեկացրեց, որ «Մանթաշյանց» գործարարների ակումբն արտասահմանյան 25 խոշոր քաղաքներում ունի մասնաճյուղեր, որոնք նպաստում են Հայաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդմանը։ Մասնաճյուղերից մեկն էլ գտնվում է Վարշավայում, որն ակտիվորեն ներգրավել է տվյալ համաժողովի կազմակերպչական աշխատանքներում։ «Մանթաշյանց» գործարարների ակումբն այսօր դարձել է գլոբալ հայկական բիզնես համայնքի կարևոր հարթակներից մեկը՝ միավորելով աշխարհի տարբեր երկրներում գործող գործարարներին և ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ։
«Վարշավայում մեր գործընկերները նույնպես վաղուց մտածում էին նման համաժողով կազմակերպելու մասին։ Համաժողովին մասնակցում են մեր ակումբի անդամ գործարարները, իսկ լեհական կողմից` Հայաստան ժամանած ծանրակշիռ գործարարները, որոնցից ոմանք ընդգրկված են «FORBES» ամսագրի վարկանիշով աշխարհի մեծահարուստ գործարարների ցանկում։ Նրանք ունեն տարեկան 100 միլիոն եվրո շրջանառությամբ բիզնեսներ»,- ասաց Միրաքյանը։
«HAYWAY GROUP» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արթուր Լևանդովսկին նշեց, որ անչափ կարևոր էր նման համաժողով կազմակերպել, որի շրջանակում լեհ գործարարները Հայաստան են ժամանել կոնկրետ նպատակներով։
«Ինքս միավորել եմ հայ և լեհ բիզնես շրջանակներին, անելու ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա այլընտրանքներ և կարողանա սեփական արտադրանքն արտահանել եվրոպական շուկաներ՝ ավելի լավացնելով իր հարաբերություններն արևմտյան գործընկերների հետ։ Հայաստանը չպետք է լինի ընդամենը մեկ թելից կախված երկիր, այլ պետք է ունենա բազմաթիվ տարբերակներ և ինքն ընտրի իր գործընկերներին»,- ասաց Լևանդովսկին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն «Արմենպրես»-ին ասաց, որ կազմակերպվել է իսկապես շատ կարևոր միջոցառում՝ համախմբելով Հայաստանի ու Լեհաստանի ազդեցիկ գործարար շրջանակների ներկայացուցիչներին, ինչը հնարավորություն է ստեղծում անմիջականորեն ծանոթանալ Հայաստանին ու նրա տնտեսությանը և կապեր հաստատել նաև մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ։
«ՀՀ կառավարությունն այս գործընթացում նաև քաղաքականության իրականացման մեխանիզմների ու գործիքների կիրառմամբ կօգնի գործարարներին։ Այն կետերում, որտեղ կան անհամապատասխանություններ, կանենք կոնկրետ քայլեր, որպեսզի դրանք շտկվեն և գործընթացը լինի ավելի սահուն։ Կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել բոլոր բացահայտված խոչընդոտներին տալ առարկայական և արագ լուծումներ։ Այս մի քանի օրերի ընթացքում ինքս հանդիպել եմ լեհ գործարարների հետ, քննարկել ենք մի քանի ուղղություններ։ Երկու կողմերն էլ պետք է աշխատանքներ իրականացնեն։ Պայմանավորվել ենք, որ հունիս ամսվա ընթացքում այդ պայմանավորվածությունները կյանքի կոչենք, որպեսզի բոլորի համար տեսանելի լինի, թե ինչ առարկայական քայլեր են ձեռնարկվել։ Խոսքը հիմնականում վերաբերում է Հայաստանում արտադրված ապրանքները լեհական շուկա արտահանելուն»,- ասաց Խոջոյանը։
Համաժողովի կարևոր իրադարձություններից մեկը դարձավ Հայաստանի և Լեհաստանի գործարար համայնքների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը, որը նպատակ ունի խթանել լեհական ներդրումները Հայաստանում, ամրապնդել տնտեսական կապերը և ստեղծել նոր ռազմավարական գործընկերություններ։