photo_2026-06-07_16-51-07

Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից. հացադուլի 22-րդ օրը | hetq.am

hetq.am  Արդեն 22 օր հացադուլի մեջ գտնվող արցախցի Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից։ Փաստաբան Դավիթ Հարությունյանը նշում է, որ Արթուրը զգալի քաշ է կորցրել, վիճակը վատ է։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Օսիպյանը բժշկական հետազոտությունից հրաժարվել էր՝ որպես բողոքի նշան։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ Արթուր Օսիպյանը հրաժարվում է բժշկական զննությունից, սակայն տեղեկություններ չհայտնեց նրա առողջական վիճակի մասին՝ պատճառաբանելով, որ բժշկական գաղտնիք է։

Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ վիճաբանությունից հետո։ Փաշինյանը, ի պատասխան Արցախի վերաբերյալ Օսպիյանի դիտարկումներին, Փաշինյանը ասել էր․ «… Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»։

Մինչ այդ միջադեպը, Օսիպյանը սոցիալական ցանցի իր էջում գրել էր․ «Եթե Նիկոլ Փաշինյանի տեղն իմացող կա, ասեք բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։

Մայիսի 21-ին դատարանը երկու ամսով կալանավորել է Արթուր Օսիպյանին։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն