azatutyun.am «Գյումրիում արտահերթ անելու միտքը կա, գաղափարը կա, հետագայում ընթացքը ցույց կտա»,- «Ազատության» հարցին ի պատասխան ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
Հարցին, թե ինչո՞ւ պետք է Գյումրիում արտահերթ ընտրություններ լինեն, Ղազարյանը պատասխանեց.
«Որովհետև տեսնում ենք, թե ինչպես է Գյումրիի քաղաքապետը ձախողել ողջ ընթացակարգը, և մենք ձայնագրություններին ենք ականատես լինում, թե ինչ ընթացք է գնում և հասկանում ենք, որ այնտեղ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ»:
Լրագրողի դիտարկմանը, թե ձայնագրությունները իրավական գործընթացներ են, ներքաղաքական ինչ գործընթաց է տեղի ունենում, պատգամավորն արձագանքեց.
«Դե իրավական պրոցեսները գնում են, բայց քաղաքն ահավոր վիճակում էր: Մենք եղանք էնտեղ և տեսանք՝ այս տարիների ընթացքում ինչքան քիչ աշխատանք է կատարվել: Քաղաքն արագ վերականգնման կարիք ունի, հետևաբար նոր կառավարում պետք է լինի»:
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Գյումրիում հնարավորինս արագ պետք է արտահերթ ընտրություններ իրականացվեն. «մինչ այդ էլ, թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին, մենք պետք է արագ՝ այսօրվանից սկսած գործողություններ իրականացնենք», – հայտարարել էր Փաշինյանը: