news.am Կուսակցությունը շարունակում է ուսումնասիրել ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները և արդեն հայտնաբերել է մի շարք տեղամասեր, որտեղ կուսակցության ստացած ձայների քանակը, ըստ իրենց ունեցած արձանագրությունների, չի համապատասխանում Կենտրոնական հանձնաժողովում (ԿՀ) հրապարակված տվյալներին։
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ և պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ կուսակցությունն ամփոփել է մի շարք տեղամասերի տվյալներ, որտեղ ԿՀ-ում «Լուսավոր Հայաստանի» օգտին գրանցվել է զրո ձայն, մինչդեռ տեղամասային արձանագրություններում առկա են կուսակցության օգտին տրված ձայներ։ Մարուքյանը թվարկել է մի շարք օրինակներ՝ նշելով, որ որոշ տեղամասերում զրոյի փոխարեն արձանագրվել են 2, 3, 4, 6, 7, 8 և ավելի ձայներ։
«Երեկվա տվյալներն էլ գումարելով՝ մոտավորապես 200 ձայն ենք գտել, որոնք ԿՀ-ում գրանցված են որպես զրո, մինչդեռ մենք ունենք այդ ձայները հաստատող արձանագրություններ», – ասել է նա։
Մարուքյանի գնահատմամբ՝ խնդիրը վերաբերում է ոչ միայն «Լուսավոր Հայաստանին», այլև ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությանը։ Նա նշել է, որ յուրաքանչյուր ձայնի համար քաղաքական ուժերը պայքարում են նախընտրական ամբողջ ընթացքում, ուստի նման անհամապատասխանությունները չեն կարող անտեսվել։
Քաղաքական գործիչը նաև հարց է բարձրացրել հնարավոր պատասխանատվության վերաբերյալ՝ նշելով, որ իր նախորդ օրվա ուղիղ եթերը, ըստ էության, հաղորդում էր ենթադրյալ իրավախախտման մասին։
«Եթե ձայնը կա, բայց համակարգում զրո է մուտքագրվել, ապա պետք է պարզվի՝ ով է պատասխանատու այդ սխալի համար։ Արդյոք որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ», – նշել է Մարուքյանը։
Նա անդրադարձել է նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների գործունեությանը ընտրական հանձնաժողովներում՝ ընդգծելով, որ վերջիններս հազարավոր տեղամասերում ունեցել են հանձնաժողովի անդամներ և, հետևաբար, ավելի լայն հնարավորություններ՝ արձանագրելու և բացահայտելու հնարավոր խախտումները։
Մարուքյանի խոսքով՝ եթե այլ քաղաքական ուժերն ունեն ընտրական գործընթացում արձանագրված խախտումների վերաբերյալ լրացուցիչ տվյալներ, դրանք պետք է հրապարակվեն հանրության համար։
Անդրադառնալով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշ քաղաքական ուժերի հայտարարություններին՝ Մարուքյանը նշել է, որ հանրային վստահության վերականգնումն ավելի կարևոր է, քան միայն դատական գործընթացների վրա հույս դնելը։
«Եթե կան փաստեր և տվյալներ, դրանք պետք է հրապարակվեն։ Ժողովրդի վստահությունն ավելի կարևոր է, քան Սահմանադրական դատարան դիմելը», – ասել է նա։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը նաև հիշեցրել է, որ 2021 թվականի ընտրություններից հետո ևս որոշ քաղաքական ուժեր դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով արդյունքները, և ընդգծել, որ իր ղեկավարած ուժը ներկայում նման գործընթաց չի նախաձեռնել։
Մարուքյանը հայտնել է, որ կուսակցությունը շարունակելու է ուսումնասիրել արձանագրված անհամապատասխանությունները և հրապարակել նոր տվյալներ՝ ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով։