befunky-collage-4

Ծառուկյանի հարցով դիմեք Դատախազություն. ԿԸՀ նախագահը՝ անձեռնմխելիության հարցի մասին | factor.am

factor.am Լրագրողի հարցին՝ ըստ Ընտրական օրենսգրքի պատգամավորի թեկնածուի կարգավիճակը պահպանվում է մինչև մանդատների բաշխումը, և այդ պայմաններում ինչպես է գնահատվում այն հանգամանքը, որ Դատախազությունը, առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության, մեղադրանք է առաջադրել Գագիկ Ծառուկյանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշել է, որ հարցը պետք է ուղղել Գլխավոր դատախազությանը։

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն նման գործընթացների իրավասու մարմին չէ, և այդ հարցերին չի առնչվում։ Հովակիմյանը նշել է, որ հրապարակված տեղեկություններում խոսքը վերաբերում է նախորդ քրեական վարույթներին, այլ ոչ թե նոր մեղադրանք առաջադրելուն։ Նա ընդգծել է, որ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է պատգամավորի թեկնածուների համար անձեռնմխելիության որոշ երաշխիքներ միայն այն դեպքերում, երբ քրեական հետապնդումը սկսվում է թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելուց հետո։

«Եթե մինչ այդ արդեն եղել են գործողություններ կամ քրեական գործընթացներ, ապա դա այլ իրավական կարգավորում է»,- նշել է նա՝ հավելելով, որ մեղադրանք առաջադրող մարմինը Գլխավոր դատախազությունն է, և մեկնաբանությունները պետք է ստանալ այնտեղից։

Հիշեցնենք, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: «Քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը): Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը»,- նշել են դատախազությունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն