pim8j6tonqciht6xfzegyitwixsy6msdskjhw6ba

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո | armenpress.am

armenpress.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում անցկացնելու երկկողմ որոշում կընդունվի Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո։

Ինչպես հայտնում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա կարծիք է հայտնել, որ մինչև ընտրական պրոցեսների ավարտը Հայաստանի վարչապետը զբաղված կլինի երկրի ներքին հարցերով։ «Իսկ հետո, կախված հետընտրական իրավիճակի վերջնականացումից, արդեն երկկողմ մակարդակով որոշում կընդունենք»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Փաշինյանի և Պուտինի հանդիպման հնարավոր պլանների մասին հարցին։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ այս պահը չի շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի առթիվ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հունիսի 9-ին հայտարարել էր, որ ՌԴ-ում սպասում են ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը։

Հայաստանում հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս), որը իր ստացած ձայների շնորհիվ խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն, ինչպես նաև՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը (340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս) և «Հայաստան» դաշինքը (145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս)։ Նախնական տվյալներով խորհրդարան անցնելու անցողիկ շեմին՝ 4 տոկոսին շատ մոտ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.996 տոկոսով։

ԿԸՀ-ն հայտարարել է, որ հանձնաժողովը 2005 ընտրատեղամասերից 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ է ստացել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն